ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԳՈՂԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացրել էին, որ Հայաստանում հայտնվել են մարդիկ, որոնք կարողանում են «Բիլայն»-ի, «Վիվասել»-ի եւ «Օրանժ»-ի բազայում գտնվող բոլոր հեռախոսահամարները գողանալ: Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը բացահայտել է, որ կա երիտասարդների մի խումբ, որը նման գողություններ է կատարում: Թե ինչպես, ոստիկանությունը դեռեւս չի կարողացել  բացահայտել, իսկ Հայաստանում գոյություն ունեցող երեք օպերատորները վըստահեցնում են, որ իրենց բազայից նման գողություն անելն անհնար է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ ՀՀ-ում բջջային կապի բոլոր երեք օպերատորների գրասենյակներից Հայաստանի բոլոր բաժանորդների բազային տվյալների դուրս բերման եւ վաճառքի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ այդ գործը գտնվում է Կոտայքի ոստիկանության բաժնում: Բացահայտվել է, որ «Բիլայն»-ի, «Վիվասել»-ի եւ «Օրանժ»-ի բազայում գտնվող բոլոր հեռախոսահամարներն ինչ-որ երիտասարդներ գողացել են  եւ վաճառել: Ու քանի որ հայ հասարակության մեջ ցանկությունը մեծ է տիրապետելու ուրիշի անձնական տվյալներին,  երիտասարդներին հաջողվել է շատ մեծ արագությամբ «իրացնել» իրենց ունեցած տեղեկատվությունը:
Այս փաստն ավելի քան ցնցող է, քանի որ Հայաստանի օպերատորներն ամեն քայլափոխի իրենց են գովազդում` նշելով, թե ամենահուսալի օպերատորներն են: Սակայն պարզվում է, որ դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանում գործող բջջային կապի օպերատորները  չեն կարող 100 տոկոսով ապահովել քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը:
Փորձեցինք հայրենի օպերատորներից պարզել, թե ինչպես է որոշ մարդկանց հաջողվել մուտք գործել ուրիշների  անձնական տվյալների բազա, գողանալ այն եւ վաճառել, ինչու չկա համապատասխան հսկողություն` դա բացառելու համար:  «Վիվասել-ՄՏՍ»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Վահե Իսահակյանը մեզ հավաստիացրեց, որ իրենց տեղեկատվության բազան շատ ապահով ձեռքերում է. ««Վիվասել-ՄՏՍ»-ը բացառում է իր տրամադրության տակ եղած տվյալների բազաներից բաժանորդներին վերաբերող տվյալների արտահոսքը: Ընկերության տեղեկատվական բազաներն ըստ արժանվույն պաշտպանված են հնարավոր հակերային գրոհներից` միջազգային չափանիշներին համապատասխան: Թե որ տվյալներն են հայտնվել անօրինական շրջանառության մեջ եւ ինչպես, կպարզեն իրավապահ մարմինները համապատասխան վարույթի շրջանակներում, իսկ մինչ այդ, հաշվի առնելով թեմայի չափազանց լրջությունը, «Վիվասել-ՄՏՍ»-ը զերծ է մնում այլ մեկնաբանություններից»:
Նույն վստահությունն արտահայտեց նաեւ «Բիլայն»-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Վերջինս նշեց, թե անհնար է, որ իրենց բազայից կարողանան տեղեկատվություն գողանալ. «Քանի որ բազային յուրաքանչյուր դիմումը գրանցվում է մեր համակարգում, եւ նույն րոպեին մենք տեսնում ենք, յուրաքանչյուր գործողություն գրանցվում է, այնպես որ «Արմենտել»-ից աննկատ բազա հանելն անհնար է, իսկ ինչ վերաբերում է հաքերներին, ապա մեր բազաները ֆիզիկապես տարանջատված են ինտերնետից, հաքերները եւս չեն կարող ներսից որեւէ կերպ ինֆորմացիա ստանալ, իսկ թե ոնց է այդ ինֆորմացիան հայտնվել ինչ-որ մեկի ձեռքում, դա արդեն ոստիկանության գործն է, մենք նրանց գործողությունները չենք կարող մեկնաբանել, մենք ցանկանում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ բացահայտի այդ գործը»:
Իսկ մեր այն դիտարկմանը, թե եթե վստահ են, որ անհնար է այդ բազաները հանել, ապա ինչը պետք է բացահայտի ոստիկանությունը,  Բեղլոյանն ասաց. «Մենք բոլորի հետ միասին կսպասենք, որպեսզի ոստիկանությունը հայտնաբերի, թե դա ինչպես է տեղի ունեցել, ես ոչ մի բան չեմ կարող ասել, մինչեւ ոստիկանությունն իր եզրակացությունը չհայտնի»:
«Օրանժ Արմենիա»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանն էլ նշեց. «Մեր բաժանորդների տվյալներն ու բազան գտնվում են առավելագույն պաշտպանության ներքո, դրանք միացված չեն որեւէ արտաքին ցանցի եւ որեւէ հարձակման չեն կարող ենթարկվել: Որեւէ մարդ չի կարող մուտք գործել տըվյալների բազա, ցանկացած մարդ եթե մուտք գործի համակարգ,  մենք դա անմիջապես տեսնում ենք: Մեզ մոտ նման հարձակում տեղի չի ունեցել, մենք կսպասենք ոստիկանության եզրակացությանը»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել 254 հոդվածի հատկանիշներով` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը եւ 256 հոդվածով` վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելն ու տարածելը: Մնում է հայրենի ոստիկանությունը բացահայտի, թե իրականում ովքեր են այդ հանցագործները, եւ նրանց ինչպես է հաջողվում մուտք գործել օպերատորների բազա ու գողություն կատարել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս