Մատենսդարանի մոտ այս պահին հավաքվել են «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները, ովքեր սկսել են իրենց սատարման երթը:
Armlur.am-ի զրույցում հավաքի մասնակիցներն ասացին, որ այսօրվա երթի նպատակը մեկն է` ևս մեկ անգամ կոչ անել աշխատակցիներին՝ չվախենալ գործատուներին դիմումներ գրել և պահանջել, որ իրենց աշխատավարձերից պահումներ չանեն:
Հետաքրքրականն այն է, որ նախաձեռնության անդամներն այս երթին, բացի իրենց պաստառներից, բերել էին նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի և Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի պաստառները` դրանով ցույց տալով , որ հիմնականում ճնշումներն առկա են կրթության և առողջապահության ոլորտներում. իսկ սոցապ նախարարը բարձրաձայնվող ճնշումների վրա աչք է փակում: Իսկ, օրինակ, Տարոն Մարգարյանի պատկերով պաստառի վրա գրված է. «Տարո՛ն, սիրուն չի մանկավարժներին ճնշելը»:
Հավելենք, որ ակցիան քիչ առաջ մեկնարկեց. մասնակիցները Կորյունի փողոցի բանուկ մասով շարժվում են դեպի Բժշկական համալսարան` վանկարկելով. «Մենք ենք տերը մեր երկրի», «Դո՛ւրս արի փողոց»:
«Շարժվելով դեպի Բժշկական համալսարան՝ մենք ոչ թե կանարգենք համալսարանը, այլ կարտահայտենք մեր բողոքը համալսարանում կատարվող ճնշումների հանդեպ», – հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Նշենք նաև, որ ակցիան ուղեկցում են տասնյակ ոստիկաններ:
20:00. Այս պահին Կորյուն փողոցում հրմշտոցներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև:
Ոստիկանները պահանջում են երթևեկության համար նախատեսված փողոցի մի մասն ազատ թողնել մեքենաների համար, իսկ մյուս մասով ցուցարարները կարող են իրենց ցույցն անցկացնել: Ինչպես պնդում են ցուցարարները, այդտեղ գիծն ազատ թողնված է, և ոստիկաններն են խոչընդոտում ազատ ակցիային:
«Մի՛ խոչընդոտեք մեր ազատ ակցիան, մենք իրացնում ենք մեր սահմանադրական իրավունքը», – հայտարարում են նրանք:
Նշենք, որ հենց այս պահին դարձյալ բանակցություններ են ընթանում ոստիկանների և ցուցարարների միջև: Բանակցությունները վերաբերում են կրկին ճանապարհը չփակելուն:
20:05. Ցուցարարների մի մասը նստել է գետնին՝ արտահայտելով իրենց բողոքը այն մասին, որ ոստիկանները խոչընդոտում են իրենց խաղաղ ակցիային և թույլ չեն տալիս շարունակել իրենց խաղաղ երթը: Նախաձեռնության անդամներից մեկը կոչ արեց բոլորին նույնպես նստել գետնին:
20:08. Սակայն նստացույց չեղավ, և ակցիայի մասնակիցներն այժմ շարունակում են իրենց ճանապարհը: Ինչպես հաղորդում է armlur.am-ի թղթակիցը, պարբերաբար ոստիկանների հետ բանակցություններ և հրմշտողներ են ընթանում ճանապարհի՝ փակ լինելու պատճառով:
Տեսանյութն ու լուսանկարները` քիչ ուշ: