Օլիվեր Ստոունը ֆիլմ է նկարահանում Էդվարդ Սնոուդենի մասին՝ ռուս փաստաբան Անատոլի Կուչերենայի վեպի հիման վրա: Հայտնի ռեժիսորն արդեն ձեռք է բերել «Ծովահրեշի ժամանակը» գրքի էկրանավորման իրավունքը: Ի դեպ, վեպը դեռ նոր է նախապատրաստվում հրատարակման համար:
Ջոշուա Կոլդ. գեղարվեստական այդ անվան տակ է Անատոլի Կուչերենայի գրքում հանդես գալիս ԿՀՎ և ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
«Գիրքը գրված է գեղարվեստական վեպի տեսքով: Պատմությունը, որը տեղի է ունեցել իմ պաշտպանյալի հետ, անկասկած, հետաքրքիր է ցանկացած սերնդի համար: Օլիվեր Ստոունն ի սկզբանե աջակցում էր Էդվարդ Սնոուդենին ամենադժվար րոպեներին այն պահից, երբ նա հայտնվեց Շերեմետևոյի տարանցիկ գոտում, և ես նրան շատ շնորհակալ եմ», – ասում է Անատոլի Կուչերենան:
Ֆիլմի ռեժիսորը երեք «Օսկար» ունի և «Կարմիր սիրտ» շքանշան, քանի որ վիրավորվել էր Վիետնամում: Նա Նյու Յորքում սովորել է Սկորսեզեի մոտ:
Ստոունն ասում է, որ Կուչերենայի գիրքը հոգու մասին է:
Այն փաստը, որ միայն 4-5 երկիր էր պատրաստ ապաստան տալ Սնոուդենին նրա բացահայտումներից հետո, խոսում է այն մասին, որ աշխարհը հիվանդ է, թույլ է և չափազանց կախված մեկ երկրի դիրքորոշումից. ասում է Ստոունը:
Ամերիկյան իշխանությունները երբեք չեն թաքցրել, որ Սնուոդենի դատավարությունը ցուցադրական կլինի: Բայց ստացվեց այնպես, որ դա հակառակ արդյունքն ունեցավ. Սնուոդենի օրինակը շատերին ոչ թե վախեցնում, այլ ոգեշնչում է: