Գեւորգ Գեւորգյանի անունը լայն հասարակությանը ծանոթ դարձավ միայն այն բանից հետո, երբ տեւական ու երկար պրպտումներից հետո Արթուր Բաղդասարյանը որոշեց, որ մշակույթի նախարարի պաշտոնից խայտառակ ձեւով հեռացված Հովիկ Հովեյանից հետո գալու է Գեւորգ Գեւորգյանը` մշակութային «մեծ փրկիչը», մարդը, ով մոտ երկու ամիս գնում-գալիս էր Ազգային Ժողովի միջանցքներում` կամենալով ամեն կերպ արժանանալ «գերագույնի» բարեհաճությանը: Գիտենք, որ մշակույթի նախարարի պաշտոնին տիրանալու համար հսկայական ջանքեր գործադրեց Գեւորգ Գեւորգյանը: Ոմանք ասում են, թե անգամ մի լավ «մուծվել» էր Արթուր Բաղդասարյանին, բայց մենք հո գիտենք, որ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքար է հայտարարված, իսկ Արթուր Բաղդասարյանն էլ այդ պայքարի «առաջամարտիկներից» է… Ինչեւէ, շատերի համար անսպասելի` Գեւորգ Գեւորգյանը դարձավ մշակույթի նախարար:
Իհարկե, կարճ տեւեց նրա երջանկությունը, մարդը հազիվ մի քանի ամիս մնաց այդ պաշտոնում, բայց դե տեխնիկական կրթություն ունեցող մարդու համար մեծ երջանկություն էր ղեկավարել մի գերատեսչություն, որի քանդարարներից մեկն էլ ինքն էր: Թե ինչպես էր Գեւորգ Գեւորգյանը դարձել «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն, մնում է մեր ժամանակների մեծագույն առեղծվածներից մեկը: Ասում են, որ նրան այս պաշտոնում նշանակելու գործում մեծ ջանքեր է գործադրել կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ով, լինելով «Հայֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը եւ Ռոբերտ Քոչարյանի` Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետը, կարողացել էր համոզել երկրի նախագահին, որ հենց Գեւորգյանին նշանակեն կինոստուդիայի տնօրեն, որպեսզի հեշտ լինի կառավարել այս ահռելի մեխանիզմը:
Հայրենի գյուղում Գեւորգին կոմսոմոլ էին ասում, որովհետեւ շատ խանդավառ վերաբերմունք ուներ կոմերիտմիության հանդեպ, անընդհատ կոմերիտմիության շրջկոմ էր վազում, բողոքում «լենինյան գծից շեղված» երիտասարդների դեմ: Հետո հայտնվեց Երեւանում, դարձավ կինոստուդիայի տնտեսվար ու հանկարծ… տնօրեն: Սա իսկապես բացառիկ մի բան էր, սակայն ասացինք, որ նրա թիկունքին կանգնած էր Ալբերտ Մկրտչյանը, ով ամեն ինչ անում էր` կինոստուդիան իրեն հպատակեցնելու համար: Դառնալով կինոստուդիայի տնօրեն` Գեւորգ Գեւորգյանն առաջին օրվանից սկսեց մտածել նրա վաճառքի մասին: Իսկ գնորդներ կային` առաջին հերթին ի դեմա Գաֆեսճյանների, որոնք մի այնպիսի ծրագիր ներկայացրին, որից կարելի էր միայն գլխապտույտ ապրել: 100 միլիոն դոլարի ներդրում, կինոքաղաքի հրաշալի տեսլական եւ այլն: Ի վերջո, կինոստուդիայի վաճառքի գործարքից շահեց միայն Գեւորգ Գեւորգյանը, որովհետեւ տիրանալով հնագույն կինոարտադրությանը` «Արմենիա» հեռուստաընկերությունն այն ընդամենը վերածեց պահուստային կինոնկարահանման հրապարակի, իսկ ահա Գեւորգ Գեւորգյանն անպատմելիորեն հարստացավ: Ուր գնացին ֆոնդերը, ինչ կատարվեց ահռելի նյութատեխնիկական բազայի հետ` ոչ ոք չգիտի: Այդ ամենի ճակատագիրը յուրովի լուծեց Գեւորգ Գեւորգյանը` ոչնչացնելով այն, ինչը ստեղծվել էր յոթ տասնամյակի ընթացքում: Գեւորգյանին դատախազության միջանցքներում տանել-բերելու փոխարեն` նրան նշանակեցին Ազգային կինոկենտրոնի տնօրեն: Մի բլեֆային կառույցի, ուր գալուց ի վեր Գեւորգյանը սեփական օրենքները սկսեց հաստատել: Դե, կինեմատոգրաֆիայից հեռու գտնվող մարդու համար առաջնայինը փողային հասկացություններն էին:
Երբ Գեւորգ Գեւորգյանի երազանքների մեջ հայտնվեց մշակույթի նախարարի «տեսլականը», նա անմիջապես իր տեղակալին նշանակեց տնօրեն ու սուրաց դեպի նախարարի աշխատասենյակ: Կինոկենտրոնը ՊՈԱԿ է, պիտի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ հայտարարվեր, սակայն այս ամենն արհամարհվեց, որովհետեւ հիմա էլ նրա թիկունքին կանգնեց Արթուր Բաղդասարյանը, եւ ամեն ինչ վճռվեց-որոշվեց հաշվված րոպեների ընթացքում: Ասում են, երբ ՕԵԿ-ը Սերժ Սարգսյանի ցուցումով իրեն ընդդիմադիր հռչակեց եւ ձեռնամուխ եղավ ընդդիմադիր դաշտի քայքայման գործընթացին, ամենից շատ Գեւորգ Գեւորգյանը տխրեց, որովհետեւ «վարի գնացին» իր ներդրած միջոցները:
Նախարարի պաշտոնում այս մարդը կատարյալ թյուրիմացություն էր, ով առաջին օրվանից սկսեց «օտարել» գերատեսչության կառուցվածքի մեջ մտնող «օբյեկտները»: Նախարարության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ամեն օր կանչում էր որեւէ վարչության պետի եւ հանձնարարում լուծարել այս կամ այն կառույցը: Նախարարի պաշտոնում նրա գլխավոր խորհրդականն ՕԵԿ «կադրային նվաճում» Մարգարյան Հովհաննեսն էր` կաթի փոշու մեծ մասնագետը, ում թելադրանքով էլ երբեմն առաջնորդվում էր այս նախարարը:
Կորցնելով նախարարի պաշտոնը` Գեւորգյանը վերադարձավ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնին: Ոչ ոք չհարցրեց, թե ինչպես դա տեղի ունեցավ, ինչպես եղավ, որ դարձյալ առանց մրցույթի` մարդը հետ նշանակվեց այս պաշտոնին: Ասենք, շատ վաղուց Հայաստանում ոչ ոք ոչ մի բանի վրա չի զարմանում: Բավական չէր, որ վերադարձավ իր պաշտոնին, հետո էլ դարձավ կինո եւ թատերական արվեստների պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ: Այսինքն` կինոստուդիայի նախկին տնօրենը պիտի որոշեր, թե որ ֆիլմին է պետք պետական մրցանակ շնորհել, որին` ոչ: Կինոկենտրոնը, որը գլխավորում է Գեւորգ Գեւորգյանը, շատ վաղուց վերածվել է նրա անձնական ամբիցիաների «հանգրվանի»: Ինչպես են ընտրվում նախագծերը, ովքեր են արժանանում Գեւորգյանի բարեհաճությանը` ոչ ոք չգիտի: Ավելի ճիշտ, գիտեն նրանք, ովքեր օգտվում են կերատաշտից: Իսկ կերատաշտի «գլխավոր հրամանատարն» էլ Գեւորգ Գեւորգյանն է` տնտեսվար-տնօրենը:
Ո՞ՒՄ ԵՆ ՎՍՏԱՀԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ