«ԴԵՄ ԵՄ»-ի մասնակիցներն այս պահին Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում են և ոստիկաններից պահանջում են չխոչընդոտել իրենց երթը:
Ինչպես հայտնում է armlur.am-ի թղթակիցը, նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը նշեց, որ 5 րոպեն մեկ խոչընդոտող հանգամանքներ են լինում, և իրենք չեն կարողանում խաղաղ կերպով շարունակել իրենց ակցիան:
Նշենք, որ ակցիայի մասնակիները բերել են նաև Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի նկարով պաստառ, որի վրա գիծ է քաշված և գրված՝ «Ահաբեկիչ»: Այս կերպ նրանք ցանկանում են ասել, որ ճնշումներ են գործադրվում կրթական համակարգի վրա:
Նախաձեռնության անդամները փակել են Աբովյան փողոցը: Ակցիայի մասնակիցները ցանկանում են շարժվել Աբովյան փողոցով, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս: Բողոքավորներից մեկն ասաց, որ իրենց փողերով սարքած Աբովյան փողոցով են ցանկանում անցնել, սակայն ոստիկանն էլ հակադարձեց. «Դուք որտե՞ղ էիք, որ այս փողոցը սարքվում էր»:
Նախաձեռնության անդամներն իրավապահների հետ բանակցում էին, որպեսզի ամբողջ Աբովյան փողոցով կարողանան քայլեր, սակայն բաակցությունները հաջող չէին ընթանում և ոստիկաններն ասում էին, որ կարող են քայլել փողոցի ընդամենը մեկ հատվածով:
Armlur.am-ի թղթակցի խոսքով` ոստիկաններն արդեն բացել են Աբովյան փողոցը, և ակցիայի մասնակիցներն ամբողջ փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Փաստորեն, ոստիկանները տեղի տվեցին: