ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԴԵՂՈՐԱՅՔՆ ՈՒՇԱՆՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանում գտնվող գյուղերում ձմեռը թեեւ գեղեցիկ է լինում, սակայն լեռնային շրջանում ապրող գյուղացին ճաշակում է նաեւ ցրտի մատուցած կենցաղային դժվարությունները: Չնայած հողագործի համար հարաբերական հանգստի շրջան է, մոտալուտ գարնան հոգսերի ու անելիքների մասին մտահոգությունը միշտ առկա է: 1050 բնակիչ ունեցող Լորուտ համայնքում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Գյուղապատկան 4000 հա հողատարածքի միայն 970 հա-ն են զբաղեցնում վարելահողերը, իսկ 1070 հա-ն արոտավայրեր են: Այդ պատճառով էլ նպատակահարմար են գտնում անասնապահությամբ զբաղվել: Արոտավայրերն անասուններին նույնիսկ չեն բավականացնում: Համայնքապետն ասում է, որ անասնապահությամբ չի զբաղվում մոտ 40 ընտանիք: Դրանք կա’մ միայնակ, կա’մ հիվանդ մարդիկ են: Գյուղն ունի նաեւ խմելու ջրի խնդիր: Այն լուծելու համար անհրաժեշտ է մոտավոր հաշվարկներով 150-200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: «Մենք նախանցած տարի էս նույն ծրագրով ջրագիծ ենք կառուցել: Վերանորոգել ենք 3,5 կմ հատվածը: Գյուղ ոնց որ հասնում ա ջուր, բայց ներքին ցանցի խնդիր ունենք: Էլի մեծ գումարների հետ է կապված: Համայնքի ուժերով հնարավոր չէ»,-ասում է համայնքապետ Հրաչյա Սահակյանը:
2007-2008 թվականներին տարածված աֆրիկյան ժանտախտը գրեթե ամբողջությամբ վերացրեց խոզերին, ինչի պատճառով Լորուտում այսօր քչերն են խոզ պահում: Անասուններին պատվաստելու համար պետպատվերի շրջանակում գյուղը ստանում է 7 անուն դեղամիջոց, որից միայն 4-ը խոշոր եղջերավորների համար: Անասնաբույժն ու գյուղացիները բողոքում են` վակցինաների տրամադրումն ուշացնում են: «Ասել են` դեղ չկա: Ես մեղավո՞ր եմ: Դեղ պտի տան, սրսկեմ: Էդ արանքումը գյուղատնտեսությո՞ւն եք զարգացնում, ինձանից որ 5 հատ ապրանք սատկի, Էլ ո՞նց կարաս գյուղատնտեսություն զարգացնես»,-վրդովվում է տարեց գյուղացիներից մեկը: Դեղորայքի հետ կապված խնդիրներ անցած տարի էլ են եղել. համայնքապետի խոսքով` դեղորայքը սահմանվածից քիչ են ստացել. «Անցած տարի էդ խուկի ասված դեղը 2000 գլխի փոխարեն ստացել ենք 1000 գլխի: Դա մենակ մեր մոտ չի եղել: Դա տրվել ա էն համայնքներին, որոնք սահմանամերձ են, որպեսզի վարակ չտարածվի»:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս