Հայ պաշտոնյաներին բնորոշ է բանակում չծառայելը: Armlur.am-ը ներկայացնում է, թե որ ՀՀԿ-ական պատգամավորները չեն ծառայել բանակում:
Ուսումնասիրելով ՀՀԿ խմբակցության անդամ, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կենսագրական տվյալները` տեսնում ենք, որ բացակայում են ծառայելու մասին տվյալները: Սակայն, պարզվում է, Սահակյանն արժանացել է բազմաթիվ մեդալների: Օրինակ, պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով, «Վազգեն Սարգսյան» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով, «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով, «Խաչատուր Աբովյան» մեդալով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով, «Մխիթար Գոշ» մեդալով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես չի ծառայել բանակում, սակայն նրա մեդալներն իրենց քանակով և բազմազանությամբ չեն զիջում ԱԺ նախագահի ունեցածներին: Նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով եւ մրցանակով, «Հայկյան» մրցանակով («Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգ), «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով, Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվոգրով, «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալով:
Ապրիլի 18-ից ՀՀԿ պատգամավոր դարձած Լեռնիկ Ալեքսանյանը նույնպես բանակում չի ծառայել: Երիտասարդ խատգամավոր Կարեն Ավագյանը, բնականաբար, նույնպես չի ծառայել բանակում, սակայն պարգևատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակին նվիրված ոսկե մեդալով և ՀՀ վարչապետի մեդալով:
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նույնպես չի ծառայել բանակում: Հայկ Բաբուխանյանը, Վոլոդյա Բադալյանն ու Շիրակ Թորոսյանը չեն զիջում գործընկերներին:
Կարեն Կարապետյանը նույնպես չի ծառայել բանակում, բայց պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ո’չ ծառայել է, ո’չ էլ արժանացել որևէ մեդալի:
Բանակում չծառայած պատգամավորների թվին է դասվում Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ): Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Խոսրով Հարությունյանը ևս չի ծառայել բանակում: Նրանց չի զիջում նաև Համլետ Հարությունյանը:
Համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Արաիկ Հովհաննիսյանը ևս բանակ չգնացածների թվում է` նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պատգամավոր եղբայր Ռուբեն Հովսեփյանի, Ֆիանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ միասին:
Համամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Մկրտիչ Մինասյանը նույնպես չի ծառայել, բայց պարգևատրվել է հետևյալ մեդալներով` Վ. Լենինի հոբելյանական մեդալ, միջազգային ճարտարագիտական ակադեմիայի արծաթե մեդալ, բնության եւ հասարակության միջազգային ակադեմիայի կողմից` Լեյբնիցի մեդալ: Մնացական Մնացականյանը նույնպես պատկանում է չծառայած պատգամավորների թվին:
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը չի ծառայել բանակում:
Մի քանի ամսով Աժ նախագահ եղած Սամվել Նիկոյանը նույնպես բանակ չի գնացել, սակայն պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական, «ԱՊՀ ՄԽՎ. 20-ամյակ» , «Ղազախստան. անկախության 20 տարի» մեդալներով: Գարեգին Նուշիկյանի կենսագրական տվյալներում ևս չկա ծառայած լինելու վերաբերյալ որևէ փաստ:
«ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսան Պետրոսյանը , ֆինանսիստ-տնտեսագետ Ռուբեն Սադոյանը, Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) լրացնում են ցանկը. վերջինս 2008թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Պատգամավոր Մհեր Սեդրակյանը, չծառայելով բանակում, պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան», «Անանիա Շիրակացի», «Ազատագրում» ՀԿ կողմից` «Հաղթանակ», ռուսական «Հայրենիքի պաշտպան» մեդալներով: Արթուր Ստեփանյանն ու Սամվել Ֆարմանյանը ևս չեն ծառայել բանակում, սակայն Ֆարմանյանը պարգևատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով:
Նաիրա Հովհաննիսյան