Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, ՀՊՃՀ պրոֆեսոր Վլադիմիր Մովսիսյանին եւ ՀՊՃՀ ռեկտորի խորհրդական Մուրադ Մուրադյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար եւ ներկայացրել բուհում առկա խնդիրները, զարգացմանն ուղղված ծրագրերը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարը բարձր է գնահատել վերջին տարիներին մեր երկրում կրթության բնագավառում իրականացված բարեփոխումները եւ վստահություն հայտնել, որ դրանք առաջիկայում եւս կլինեն շարունակական:
Հովիկ Աբրահամյանը կարեւորել է կրթության զարգացումը եւ ընդգծել, որ կառավարությունն աջակցելու է ոլորտի առաջընթացին միտված յուրաքանչյուր նախաձեռնության: Վարչապետն ընդգծել է, որ տարբեր բնագավառների բարձորակ մասնագետների պատրաստումը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:
Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին առնչվող մի շարք հարցեր: