Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող «Դեմ եմ» նախաձեռնության անդամների այսօրվա երթն ավարտվեց կառավարության շենքի մոտ։ Նախաձեռնության անդամները գործադիրի շենքի մոտ կանգնած վանկարկում էին «ամոթ, ամոթ»: Երբ սկսեցին սուլել, կառավարության շենքից դուրս եկավ և ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետն առաջարկեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ներկայացնել իրենց պահանջները, սակայն ակցիայի մասնակիցները չհամաձայնեցին: Նրանք միայն սուլեցին և վանկարկեցին՝ «ամոթ»։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք չեն եկել խոսելու, այլ եկել են ասելու, որ կառավարության աշխատանքը գնահատում են զրո:
«Դեմ եմ» նախաձեռնության մասնակիցները ևս մեկ անգամ հայտարարեցին, որ կուտակային կենսաթոշակային համակարգի ընտրությունը պետք է կամավոր լինի և ոչ երբեք պարտադիր: Եթե այդ պահանջը չկատարվի, իրենց շարժումն ավելի կհզորանա:
Վարչապետը զրուցեց լրագրողների հետ և վստահեցրեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմումները բոլորն են ընդունում, իսկ չընդունողները աշխատանքից կհեռացվեն։