«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նախօրեին ԱԺ հայտարարությունների ժամին ամենասուր խոսքերով քննադատեց կառավարությանը՝ շքեղության հարկը վերացնելու համար: Դժվարությամբ, բայց ինչ-որ տեղ կարելի էր հավատալ Բիշարյանի քննադատության անկեղծությանը, եթե չլիներ մեկ այլ ուշագրավ հանգամանք:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հայտարարությունից առաջ՝ ԱԺ ընդմիջման ժամանակ Բիշարյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի սենյակում հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Եվ դրանից հետո նման սուր հայտարարությամբ հանդես գալը, թերեւս, կարող է երկու պատճառ ունենալ. կա՛մ նորաթուխ ընդդիմադիրը վարչապետի հետ նախապես պայմանավորվել է իր խոսքի սրության չափի մասին, կա՛մ էլ ինչ-որ բան է խնդրել Հ.Աբրահամյանից ու չստանալով, ԱԺ ամբիոնից հարձակվել է նրա վրա:
Հ.Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սկզբում չէր ցանկանում խոսել վարչապետի հետ հանդիպման մասին. «Ո՞վ է ասել, չկա նման բան»: Սակայն զգալով, որ ինչ-որ բան այն չէ, փորձեց հակադարձել. «Ուրեմն պիտի բոլորը ձեզ հերթով զեկուցե՞մ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: