ՀԱՐՑ. Այժմ իմ տանը չեմ բնակվում, գազ չեմ օգտագործում, հաշվիչի ցուցմունքն էլ զրո է: Բայց ինձնից ամեն ամիս սպասարկման գումար են պահանջում: Խնդրում եմ մանրամասնել, թե ինչ կերպով կարող եմ այդ սպասարկման գումարը չվճարել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Բաժանորդը տանը չբնակվելու դեպքում, համաձայն «Հայռուսգազարդ» ՓԲԸ հետ կնքված «Կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (բնակիչ))» պայմանագրի, պարտավոր է ներկայացնել դիմում տվյալ տարածքի գազամատակարարման մասնաճյուղ, որի հիման վրա բաժանորդը ժամանակավորապես գազազրկվում է, եւ հետեւաբար այդ բաժանորդի տանը չի կատարվում ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում, եւ չի վճարվում սպասարկման վարձ:
գլխավոր ճարտարագետ Պապին Հերգնյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իսկ ի՞նչ պարտադիր է, որ բաժանորդն անպայման գազազրկվի: Չէ՞ որ եթե այնպես ստացվի, որ երբ քաղաքացին որոշի տեղափոխվել իր բնակարան, գազի մատակարարման վերականգնումը նրա համար լուրջ գլխացավանք է դառնալու: Եթե տվյալ բնակարանի հաշվիչը 0-ական է, այսքանը «Հայռուսգազարդ»-ի համար պետք է բավարար լինի տվյալ բաժանորդից սպասարկման վճար չգանձելու համար: