Անցած կիրակի` փետրվարի 12-ին, կուսակցական այցով Լոռու մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լոռու մարզի նեղ ճանապարհներին հանրապետականների երկար չափերով ավտոբուսին և նրանց մեքենաներին ուղեկցել է պետավտոտեսչության մեքենան, որի միջից բարձրախոսով հնչել է ճանապարհը զիջելու հրահանգ` “”աջ քաշել, կանգնել””: Թերթի տեղեկություններով, այդ հրահանգին չի ենթարկվել Ալավերդի-Վանաձոր երթուղու “”Ֆորդ”” միկրոավտոբուսի վարորդ Կամո Դանիելյանը: Նա մեքենայի ընթացքը չի կանգնեցրել, ինչի համար պետավտոտեսուչի կողմից տուգանվել է: Թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում Կամո Դանիելյանը հաստատել է, որ այդ երթուղում է աշխատում, երթուղին էլ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին է պատկանում: Հայտնել է, որ այդ օրն ինքն աշխատել է Ալավերդի-Վանաձոր երթուղում: Նաև հաստատել է, որ այդ օրը պետավտոտեսուչներն իրեն տուգանել են 3 հազար դրամի չափով: Սակայն ասել է, որ տուգանքը վարչապետի այցի հետ կապ չունի, պարզապես Ալավերդու շուկայի մոտ շրջադարձի ժամանակ իր մեքենայի թարթիչները միացրած չեն եղել, որ իր “”Ֆորդը”” վարչապետի ավտոշարասյան անցնելու ժամանակ կանգնած է եղել: Զրույցի ժամանակ Կ. Դանիելյանը մի քանի անգամ հարցրել է, թե ինչո՞ւ է թղթակիցը դրանով հետաքրքրվում: Ճանապարհային երթևեկության կանոններով տուգանք չի նախատեսվում “”կուսակցական երթով”” շարժվող վարչապետի շարասյանը ճանապարհը չզիջելու համար: Հետաքրքիր է` պետավտոտեսուչները ծագումով ալավերդցի, Լոռու մարզպետի հայրենի քաղաքում, նրան պատկանող երթուղու վարորդին մեքենայի թարթիչները չմիացնելու համար սովորաբար տուգանո՞ւմ են:
Առավոտ. Վարչապետի ավտոշարասյանը ճանապարհ չտալու համար տուգանվել է Ալավերդի-Երևան երթուղում աշխատող վարորդը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ