
Գործադիրն այսօր հավանություն տվեց «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2013 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ:
Վերոնշյալ օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել վերանայել և համապատասխանաբար լրամշակել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքը:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված լիցենզավորման կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման նպատակով լիազորված մարմնի ստեղծած հանձնաժողովը քննում է դրանք և կայացնում է որոշում` հայտատուին լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ:
Նախագծով իրականացվելու է աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերի պահանջների ներդաշնակեցում և աուդիտորական ծառայությունների իրականացման համար լիցենզիայի տրման գործընթացի արդյունավետության բարձրացում: