Ն. Փաշինյանն առաջարկում է Կիսիլյովին «պերսոնա նոն գրատա» ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգգային ժողովում պատգամավորների, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման էր եկել ռուս լրագրող Դմիտրի Կիսիլյովը: Հանդիպումն անցել է լարված մթնոլորտում, իսկ մասնակիցների վկայությամբ` Կիսիլյովն անթույլատրելի հայտարարություններ է արել հայ ժողովրդի և հայոց լեզվի հասցեին:

Այսօր վարման կարգի վերաբերյալ ելույթի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով այս մասին, նշեց, որ երեկ անթույլատրելի բան է տեղի ունեցել, և իր խոսքն ուղղելով ՀՀ ԱԳՆ-ին` նշեց.

«Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է քննարկի նրան «պերսոնա նոն գրատա» ճանաչելու մասին հարցը: Խիստ դատապարտում եմ նաև ներկա պատգամավորների պահվածքը, ովքեր չեն եղել իրենց բարձրության վրա», – ասաց նա

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց Փաշինյանին՝ ասելով, որ պետք է միշտ մտածել, որ Հայաստանը և հայոց լեզուն հայերի համար մեծ հոգևոր արժեք են, և եթե նման իրողություններ կան, նրանք կհետաքրքրվեն, թե որն է խնդիրը:

Ի պատասխան՝ հանդիպմանը ներկա պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ  նման բան տեղի չի ունեցել: Նման կարծիք հայտնեց նաև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը:

«Ներկա պատգամավորները շատ ակտիվ կերպով մասնակցել են և այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք, բայց բանավեճի ընթացքում եղել են արգումենտներ, որոնց մենք պատասխանել ենք: Նրանք իրենց բարձունքի վրա են եղել»,  – հայտարարեց նա:

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ հայտարարեց, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և պահանջեց, որ այսուհետ նման հանդիպումները լինեն հայերենով և ուղեկցվեն թարգմանությամբ:

Նշենք, որ խորհրդարանում իրարանցում սկսվեց այս ամենից հետո, և ամեն մեկը ցանկանում էր արտահայտվել, սակայն ԱԺ նախագահը ոչ մեկին ձայն չտվեց:




Լրահոս