Քիչ առաջ Armlur.am-ին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդի Շահենը տեղեկացրեց, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի բակում հնչած կրակոցների հեղինակը՝ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը, ո՛չ իրենց ընտանիքի, ո՛չ էլ «Ցեղակրոն» կուսակցության հետ կապ չունի:
Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ինքը ոստիկանության կողմից արդեն ձերբակալված երիտասարդին մի քանի անգամ տեսել է իրենց հավաքների և նստացույցների ժամանակ:
«Մտքովս անգամ չէր անցնի, թե առաջին դատական նիստին նման բան կարող էր տեղի ունենալ»,- նշեց Շահենը:
Armlur.am-ը կապ հաստատեց նաև ոստիկանության լրատվության հետ կապերի բաժնի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ վիրավորված ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ այսօր Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների գործով առաջին նիստի ժամանակ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջև քաղբանտարկյալների հարազատներն ու ընտանիքի անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել և դժգոհում էին, որ իրենց թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ:
Քիչ առաջ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ Հայկ Կյուրեղյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է:
Տաթև Հարությունյան