ԷԼԻ ՉՍՏԱՑՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Լոռվա մարզում հանդիպել է հարազատ Հանրապետական կուսակցության անդամների հետ եւ ինչպես միշտ,  հանդես  եկել  ուշագրավ հայտարարություններով: Մասնավորապես  Ստեփանավանում  Տիգրան Սարգսյանն ասել է. «Այսուհետեւ մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն:  Եթե մենք առաջին փուլում, ղեկավարվելով «Հզոր Հայաստան» կարգախոսով, ամրապնդել ենք մեր պետությունը, ապա այս հինգ տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ ցանկացած քաղաքացի իր վրա զգա, որ իր կյանքը բարելավվում է»:  Այս  երկու  նախադասության մեջ Տիգրան Սարգսյանը հասցրել է միանգամից մի քանի,  մեղմ ասած, վիճահարույց պնդումներ ու անհեթեթ մտքեր արտահայտել: Նախ` ինչ ասել է այսուհետ մեր բոլոր ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Փաստորեն ստացվում է, որ մինչ այդ սովորական քաղաքացին ՀՀԿ-ի ծրագրերում անտեսվա՞ծ էր: Այն,  որ դա այդպես է, հայտնի է բոլորին, բայց այն, որ երկրի վարչապետը դա հպարտությամբ արձանագրում է, մեղմ ասած, տարօրինակ է: Ընդ որում, էլ ավելի տարօրինակ է այն, որ Տիգրան Սարգսյանը դա փորձում է պատճառաբանել  «հզոր Հայաստան ստեղծելով» եւ «պետությունն ամրապնդելով»: Հետաքրքիր է, հարգարժան վարչապետն ինչպես է պատկերացնում հզոր Հայաստանն առանց սովորական քաղաքացու բարեկեցության: Ինչպե՞ս  կարելի է առաջին փուլում ամրապընդել պետությունը, նոր հետո սկսել մտածել «այնպիսի միջավայր ստեղծելու մասին, որտեղ ցանկացած քաղաքացի իր վրա կզգա, որ իր կյանքը բարելավվում է»: Դա ուղղակի անհեթեթություն է. աշխարհի եւ ոչ մի երկրում նման բան չի կարող լինել: Պետությունն իր քաղաքացիներից անկախ չի կարող ամրապնդվել, ցանկացած պետության ամրության ցուցիչը նրա  սովորական քաղաքացիների բարեկեցությունն է: Սրանք պարզ,  դասագրքային ճշմարտություններ են, որոնք, սակայն, Տիգրան Սարգսյանի արտահայտած յուրաքանչյուր բառին հակադրվում են: Թեպետ, թերեւս չարժե շատ զարմանալ Տ. Սարգսյանի` իրականության նման ընկալումներից` հաշվի առնելով «Հայկական աշխարհի», Գյումրվա տեխնոպարկի եւ Դիլիջանի բանկային կենտրոնի հետ կապված նրա ծրագրերը:  Սակայն այնուամենայնիվ, 5 տարի շարունակ անիրագործելի ռազմավարություններով ու հայեցակարգերով ժողովրդի աչքին թոզ փչած Տ. Սարգսյանին արժե հիշեցնել, որ իր հարազատ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը դեռ 2007-ին էր  խոստացել  բոլոր ծրագրերն ուղղել սովորական քաղաքացու բարեկեցությանը: Նախընտրական հանդիպումների ընթացքում, հպարտանալով, որ Հայաստանում 2004-2007թթ. աղքատությունը 56 տոկոսից կրճատվել հասել է 29 տոկոսի, Ս.Սարգսյանը ՀՀԿ անունից խոստանում էր. «ՀՀԿ-ն նպատակադրվել է առաջիկա 3,5 տարիների ընթացքում ամբողջովին հաղթահարել աղքատությունը»: Աղքատության ներկայիս 35,8 տոկոսանոց ցուցանիշը  լավագույնս ցույց է տալիս, թե անցած  5 տարիների ընթացքում ՀՀԿ-ն ինչպես է «հզորացրել» եւ «ամրապնդել» պետությունը:




Լրահոս