Armlur.am-ն այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց «Դեմ եմ» նախաձեռնության՝ երեկվա ակցիայում հնչած հայտարարությունների մասին:
Հիշեցնենք, որ երեկ «Դեմ եմ» նախաձեռնությունը սատարման ակցիա էր կազմակերպել, որով ևս մեկ անգամ կոչ արեց աշխատակիցներին դիմումներ գրել գործատուներին և չվախենալ: Սատարման երթի ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկն իր ձեռքին պահել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկարով պաստառը, որի վրա գրված էր. «Արմե՛ն Աշոտյան, դո՛ւրս արի ֆեյսբուքից իրականություն»:
Աշոտյանն ասաց, որ ինքն ապրում է իրականությունում և իր համար զարմանալի է, որ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները մեղադրում են իրենց ստեղծած արտադրանքից օգտվելու համար:
Ինչ վերաբերում է կրթական ոլորտում կատարվող ճնշումներին, Արմեն Աշոտյանի խոսքով` կրթական ոլորտում նման խնդիր չկա: «Դեմ եմ»-ը որոշեց արձակուրդից առաջ իր պահանջների մասին ևս մեկ անգամ հիշեցնել»,- այսպես որակեց Աշոտյանը «Դեմ եմ»-ի նախաձեռնության երեկվա երթը:
Մեր հաջորդ հարցին` ԿԳ նախարարությունում քանի աշխատակից է դիմում ներկայացրել, Աշոտյանն ասաց. «Ընդամենը մեկ: Եվ նա աշխատում է նախարարությունում»: