ՍԽԱԼ Է ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակում ենք ներկայացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ «Ժողովուրդ»-ի հարցազրույցը: Հիշեցնենք, որ զրույցն «ընդմիջվել» էր ԲՀԿ-ականների շարքում բացահայտված թմրամոլների մասին Երիցյանի պատասխանով, թե ԲՀԿ-ում բոլորը թմրամոլներ չեն:   
-Իսկ ՕԵԿ-ում թմրամոլներ չկա՞ն, ինչո՞ւ չեն կալանավորվում:
-Թմրամոլնե՞ր:
-Այո՛:
-է’, թող բացահայտվեն, եթե կա: Ես մեծ հաճույքով իմանամ կասեմ, թող իրենց տանեն: Թմրամոլները եւ թմրաբիզնեսով զբաղվողները չարիք են երկրի համար: Կապ չունի` ինչ կուսակցության անդամ է:
-Պարո’ն Երիցյան, հաջորդ կառավարությունում Ձեզ տեսնո՞ւմ եք:
-Ես ինքս ի՞նձ:
-Այո’:
-Ճիշտն ասած, չեմ մտածել, երեւի թե:
-Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնականում կլինե՞ք:
-Չգիտեմ, դեռ որոշում չի եղել:
-Բա ի՞նչ եք քննարկում ամեն հինգշաբթի ՕԵԿ-ում:
-Մեր հետագա քայլերը, անելիքները, կուսակցական շատ հարցեր:
-Բայց նախընտրական շրջան է, չէ՞, հիմա:
-Լիքը քննարկելու հարցեր ունենք, դա էնպես չի, որ էնտեղ պետք է քննարկվի միայն համամասնական-մեծամասնական ցուցակի հարցը, կամ ով ուր է գնալու:
-Գոնե սեւագրությո՞ւն էլ չունեք:
-Չէ’, ճիշտ եմ ասում, չունենք: Նույնիսկ սեւագրությունն էլ չունենք:
-Դուք ավելի մոտ եք կանգնած Արթուր Բաղդասարյանին:  
-Այո՛, Արթուր Բաղդասարյանն իմ ընկերն է:
-Կարո՞ղ եք ասել` նրան ինչպես հաջողվեց 2-3 տարում դառնալ խոշոր գործարար:
-Չէի ասի, որ ինքը խոշոր գործարար է, ի՞նչն ա խոշոր…
-Սկսե՞մ թվարկումը «Հայասի»-ի գործարանից:
-Չգիտեմ, էդ թեմայով մենք երբեւիցե չենք խոսել, բայց չեմ կարծում, որ խոշոր գործարար է:  
-Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մարդն ինչպես է հարստանում, չե՞ք գայթակղվում:
-Չէ’, լուրջ եմ ասում` չէ’: Ես ուրախանում եմ, թող բոլորը հարստանան:
-Բայց ինչո՞ւ չեն կարողանում շարքային քաղաքացիները հարստանալ, այլ միայն կուսակցության նախագահներին է հաջողվում:
-Լիքը շարքային քաղաքացիներ են հարստացել, օրինակ` Գագիկ Բաղդասարյանը:
-Դե նա 20 տարվա բիզնեսմեն է:
-Շարքային հարստացել է էլի, ես չգիտեմ իրենց մակարդակները: Ոչ մեկ չի հետաքրքրում ինձ: Ես շատ զբաղված եմ  իմ փրկարարական աշխատանքներով:
-Բայց նա փրկում էր «Օրինաց երկիր» կուսակցությանն այն ժամանակ, երբ  ՕԵԿ-ն ընդդիմադիր էր եւ ֆինանսական լուրջ խնդիրներ ուներ:
-Մեկն ըլնի, իրան փրկի:
-Հա՞:
-Հա՛:
-Հիմա նրա ֆինանսների կարիքն ՕԵԿ-ը չունի՞:
-Նրա ֆինանսների կարիքը ո’չ ունեցել ենք, ո’չ էլ Աստված ոչ արասցե, որ ունենանք: Ինքն էնքան ծախսելու տեղ ունի, թող գնա, ծախսի էլի:
-Ամեն դեպքում, ո՞նց եք գնահատում նրա պահվածքը:
-Զրո, փուչիկ:
-Իսկ Ձեր մյուս նախարար գործընկերների ունեցած հեղինակությունը ո՞նց եք գնահատում:
-Շատ դրական. երկուսն էլ, ես գտնում եմ, որ մասնագետ են եւ աշխատում են, ճիշտն ասած, Սերգո Կարապետյանը մեկ տարվա ընթացքում կարողացավ ինչ-որ բան անել նորմալ:
-Նրանք հավատարի՞մ են որպես կուսակցականներ:
-Դա պետք է իրանց հարցնեք, կարծում եմ` այո’:
-Նկատե՞լ եք:
-Իհարկե’, էդ տարիքին, որ եթե պետք է գան, դերասանություն անեն, կարծում եմ` սխալ կլինի:
-Մի խոսքով, Դուք ահագին լավ տպավորություններ եւ հույսեր ունեք` ՕԵԿ-ի հետ կապված:
-Իհարկե՛:
-Ինչո՞ւ եմ հարցնում, որովհետեւ Հանրապետական կուսակցությունում այսպիսի տեսակետ կա. իրենք «Օրինաց երկիր» կուսակցությանը պահում են միայն այն բանի համար, որպեսզի ընտրություններից հետո լինի մի կուսակցություն, որն ասի` ազատ, արդար ընտրություններ անցկացվեցին:
-Ո՞վ ասաց կոնկրետ:
-Ես անուն չեմ ասի:  
-Հանրապետական կուսակցությունից, ես վստահ եմ, որ էդպիսի բան չէին կարող ասել, որովհետեւ իրենք մեր գործընկերն են, եւ եթե էդպիսի բան ինչ-որ մեկն ասել ա, կարծում եմ` չի տիրապետում իրավիճակին: Որովհետեւ, ընդհանուր առմամբ, էնտեղ բոլորը մեր ընկերներն են, ու ես գտնում եմ, որ մենք իրենց ենք հարգում, եւ իրենք էլ պետք է մեզ հարգեն:
-Այլ բան չունե՞ք ավելացնելու:
-Ուզում եմ, որ մեր ազգն աղետակայուն երկրում ապրի:     

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ




Լրահոս