Արայիկ Քոթանջյանի ապրածն ու ներկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Արայիկ Քոթանջյանի «քաջագործությունները» վերջին շրջանում մոռացության էին մատնվել: Սակայն օրերս որդու` Սամվելի ձերբակալությունը (Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում հնչեցրած կրակոցների կասկածանքով) լրացրեց բացը:

Այսպիսով` մեծ պատասխանատվությամբ մեր ընթերցողին, վերին ատյաններին, ինչու չէ, նաև պարոն Քոթանջյանին հիշեցնենք եղելությունը։

Քանաքեռ-Զեյթունում տարիներ առաջ` ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, պնդում էին, թե Արայիկ Քոթանջյանի ֆիգուրը բավարար չէ լավ թաղապետ լինելու համար: Հղում էին անում նրա կենսագրությանը, թե հրատարակչական գործունեությամբ զբաղվող «ՍԱՄԱՐԿ» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահն ու տնօրենը դժվար կարողանա իր ձեռքի տակ առնել թաղային հեղինակություններին, ինչպես նաև` որպես հարկն է հայրենի կուսակցությանը ծառայել ընտրական գործընթացներում:

Բայց արի ու տես, որ Ա.Քոթանջյանայսօր արդեն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդականն է, ընդ որում, քաղաքային իշխանությունների` թե Գագիկ Բեգլարյանի (Քոթանջյանն այսօր էլ համարվում է Գ.Բեգլարյանի մտերիմը), թե Կարեն Կարապետյանի համար նախընտրելի անձ է:
Սակայն որքան էլ նրա կենսագրությունն  համեմատած այլ ՀՀԿ-ականների համարվում է քիչ թե շատ մաքուր, այդուհանդերձ երկու «սռոկ» թաղապետի պաշտոնում աշխատելու ընթացքում, այս կամ այն աղմկահարույց դեպքի հետ կապված, Քոթանջյանի անունը մամուլում հայտնվելու պատվին, այդուհանդերձ, արժանացել է:
Օրինակ` 2005թ-ի թաղապետի ընտրություններում Ա.Քոթանջյանի թեկնածությունը պաշտպանում էր ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը, իսկ արդեն երկրորդ անգամ առաջադրվելիս  Մ.Գասպարյանի որդին ևս առաջադրել էր իր թեկնածությունը:

Այն ժամանակ շատ էին խոսակցություններն այն մասին, թե Քանաքեռ-Զեյթուն համայնքը բաժանվել է երկու մասի` գրեթե ամեն օր արձանագրվում էին բախումներ «քոթանջյանականների» ու «գասպարյանականների» միջև:

Իսկ օրերից մի օր էլ Մ.Գասպարյանը, իր նախընտրական շտաբում գիշերը տեղի ունեցած հրդեհից հետո (դեպքի վայրում բենզինով շիշ էր հայտնաբերվել), հայտարարեց, որ դեպքը կապում է թաղապետի թեկնածու Ա.Քոթանջյանի հետ, քանի որ հրդեհից մի քանի օր առաջ էլ վերջինիս ընկերը (իբրեւ ավագանու թեկնածու առաջադրված Սահակ Սահակյանը) Մ.Գասպարյանի շտաբում դեբոշ էր սարքել:

Ըստ մամուլի` Սահակը ջարդուփշուր էր արել շտաբում ամեն ինչ, պատռել պաստառները, բուկլետները և այլն, նույնիսկ հայհոյել շտաբի կանանց:
Այդ թաղապետական ընտրություններում աչքի էր ընկել նաև Ա.Քոթանջյանի միակ որդին` Սամվելը, ով, դարձյալ Մ.Գասպարյանի մամուլին հայտնած տեղեկությունների համաձայն, բազմիցս փորձեր է արել վերջինիս նախընտրական հանդիպումների ժամանակ վիճաբանություններ հրահրել, սադրել և այլն: Ընդ որում, գործել է ոչ թե միանյակ, այլ հորեղբոր, մորաքրոջ որդիների և այլոց հետ:

Ի դեպ, Ա.Քոթանջյանի ազգակիցների անունը բազմիցս է շրջանառվել մամուլում հենց ընտրական գործընթացների առումով, թեպետ դրանից հետո էլ, քանի որ Ա.Քոթանջյանն այն կառավարիչներից է, ով սիրում է իրեն շրջապատել հարազատներով ու մտերիմներով:

Մամուլը բազմիցս է մատնանշել այն հանգամանքը, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմում Քոթանջյանի հարազատները շատ են: Ընդ որում, եթե Քոթանջյանը` որպես այդպիսին, մականուն չունի (գոնե հանրությանը հայտնի), ապա նույնը չի կարելի ասել ազգականների ու ընկերների մասին:

Սակայն Ա.Քոթանջյանն աչքի է ընկել ոչ միայն «ԺՈՒԿ»-ի առաջնորդի դեմ իր աղմկահարույց գործողություններով, այլև ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն բարեկամ ԲՀԿ-ի հետ «ռազբորկաներում» ունեցած դերակատարմամբ:

Սակայն այս դեպքում ի վնաս իր առողջության ու, թերևս, ոչ իր մեղքով: Իսկ դեպքերը զարգացել են հետեւյալ կերպ. Քոթանջյանի որդին մտնում է ԲՀԿ-ի նախընտրական շտաբներից մեկն ու ծեծի ենթարկում շտաբի պետ Սամվել Հովհաննիսյանին, ինչին ի պատասխան` Ծառուկյանի թիմակիցները մտնում են ՀՀԿ-ի` Մոնումենտում գտնվող շտաբը ու բոլորին, ով այդ պահին այնտեղ է լինում, ծեծի ենթարկում։ Եվ քանի որ Ա.Քոթանջյանը նույնպես այդ պահին նշված վայրում է լինում, ապա, ինչպես կասեին ռուսները, «отец за сына» պատասխան է տալիս:

Ավելի ուշ լուրեր են տարածվում, թե Արայիկ Քոթանջյանը 2008-ի դեկտեմբերի 18-ին թիվ 772850 պայմանագիրն է կնքում Պ. Սևակի 1/1 շենքի բնակիչ Ալբերտ Աբրահամյանի հետ և օգտագործման հանձնում շենքին հարակից 20 քմ հողատարածքը։

Այստեղ տեղին է հիշել, որ Ա. Աբրահամյանը 1993-ից բնակվում է սույն հասցեում, կարգի է բերում տարածքը և օգտագործում այնտեղ տեղակայված և իր սեփականությունը հանդիսացող տնակ-խորդանոցը։ Սակայն 2008-ին «անսպասելի» հրդեհ է ծագում տարածքում, ինչին զոհ է գնում նաև խորդանոցը, և ինչը հաջողվում է մարել միայն հրշեջների օգնությամբ։ Բնականաբար, հրկիզողն անհայտ է մնում։

Մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք նաև, որ օրեր անց էլ պարզվում է, թե վարձակալած այս տարածքում անհայտ մեկը պարսպապատման աշխատանքներ է իրականացնում, դարպաս տեղադրում, մի խոսքով` սույն տարածքում հիմնավոր շինարարական ծրագրեր կենսագործելու անթաքույց հայտ ներկայացնում։ «Անհայտ մեկը», պարզվում է, հարևանն է` նախկին ոստիկան Ռաֆայել Դավթյանը, համեմատաբար նորաբնակ, ում ձեռքում ևս… թիվ 772850 պայմանագիրն է` ստացված դարձյալ 18.12.2008-ին։

Մի խոսքով, Ա. Աբրահամյանի քենին և վստահորդը` Լիանա Դռնոյանը, հանդիպում են այդ ժամանակվա վարչական շրջանի ղեկավարին և նրա աշխատասենյակից դուրս գալիս ցնցված։

Հետագայում այս բացահայտ ապօրինությունն օրենքի սահմաններում կարգավորելու փոխարեն, այն է` լուծարելու Ռ. Դավթյանի պայմանագիրը և նրան պարտադրելու սեփական միջոցներով վերացնել կառուցապատումը, «բազարային» բնույթի խոսակցություն է վարում, պայմանագրով, կնիքով ու ստորագրությամբ վավերացված հողատարածքը համարում զավթված և հեղափոխական անկեղծությամբ ստում, թե քաղաքացի Աբրահամյանին հատկացված հողատարածքում կեղծ պայմանագրով քաղաքացի Դավթյանը շինարարություն է իրականացնում։

Տարածված լուրերի համաձայն` բազմաթիվ ահազանգերի արդյունքում պարզվում է` Արայիկ Քոթանջյանը լայնաթափ ապօրինությունների սիրահար է։

Այսպես, «նեղելով» Ուլնեցու փողոցում գտնվող մանկական խաղահրապարակը` տնտեսական խանութ է կառուցում որդու համար, չեղյալ համարելով դեռ շրջխորհուրդների ժամանակներից մարդկանց ձեռքին եղած միանգամայն օրինական պայմանագրերը, վաճառքի է հանում Քանաքեռի այգիների «աչք ծակող» տարածքները, որոնք, ի դեպ, պատմամշակութային արժեք ունեն և այլն, և այլն։

Ցավոք, մեր օրերում հասարակական կարծիքը ոտան կոխան դարձնելը, քաղաքացու սահմանադրական իրավունքի պահպանությունն անտեսելը պետական և պատկան կառույցների կողմից ավանդական-նորանկախական արժեհամակարգ է դարձել։

Եվ ի՞նչ… եղա՞վ որևէ անդրադարձ կամ արձագանք վարչական շրջանի, քաղաքային իշխանությունների կամ Քոթանջյանին ընտրարշավում սատարող քաղաքական ակտիվի կողմից։ Բնավ։

Նույն «տղայական» վարքն է, միևնույն մարտահրավերը հանրային կարծիքին` «…թքած, թե ինչ են գրում»։ 

Հանրության շրջանում համոզմունքներ են հնում, թե Ա. Ք.-ն այդ շրջանում սկսել էր լիուլի բավարարել և այսօր էլ բավարարում է, իր իսկ պատկերացմամբ, թաղահամայնքային վարչարարների, ձեռնարկատերերի և հակահասարակական ակտիվի սպասելիքները, ճաշակը և ուրվագծվող հեռանկարները։

Շատերի մոտ է հարց առաջանում` արդյոք Ա. Ք.-ին վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում առաջադրողներն ու հաստատողները վերոնշյալին իրո՞ք անտեղյակ էին։ Անգամ ամենապայծառ լավատեսության առկայությամբ էլ դժվար է հավատալ։

Իսկ այժմ թարմացնենք ոմանց հիշողությունը հանրահայտ փաստերով։

Ա.Ք.-ի թաղապետական գահակալությունը նշանավորող խնջույքում սպանվում է մասնակիցներից մեկը։ Ծաղկաձորում շարունակված խնջույքում հախուռն ծեծկռտուք է սկսվում «յուրայինների» միջև։


Համայնքի բյուջեի հաստատման շուրջ ինչ-ինչ տարաձայնություններ են ի հայտ գալիս, ավագանու առանձին անդամներ փորձում են սեփական կարծիք ու տեսակետ ունենալ։


Հետո նաև նռնակ է պայթում այդ ժամանակ Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի թեկնածու Վալերի Հարությունյանի նախընտրական շտաբում, ու ինչ-որ մեկի դաստակն է պոկվում։ Այնուհետև մանր-մունր զանազան ստորաքարշ գործեր, իշխանության չարաշահում, գանձագողության փորձեր և յուրայինների սիրաշահում ամենատարբեր մեքենայությունների միջոցով։ 


Քիչ չէր խոսվում նաև այն մասին, որ նորընտիր թաղապետ Արայիկ Ք.-ն իր նախորդի գործունեությունը սկսում է «մենթական ռազբորկայի» ենթարկել` սանտիմետր առ սանտիմետր փորփրելով հիմնանորոգված, ասֆալտապատված ճանապարհները, միլիմետրի ճշգրտությամբ չափելով տեղակայված խողովակների երկարությունն ու նրանց տեղակայման խորությունը, նորատունկ ծառաբների տրամագիծը, հավաքարարների ցախավելների փարթամությունը` ամենուր փորձելով հանցակազմեր գտնել։

Ասում են, որ չի գտնում և քիչ անց վարչաքաղաքական հետնաբեմում ստացած մեկ-երկու դմբուզն ու աքացին գլխիվայր շուռ են տալիս նրա տղայական նկրտումները։ Ու Ա. Ք.-ն «մարտական գայլից» փոխակերպվում է… Թե ինչի, դա էլ թող ընթերցողները և նրա համախոհ- սատարողները ճշգրտեն։

Ինչևէ, Տարոն Մարգարյանի խորհրդականը լրագրղների հետ շփումից կաշկանդվում է կամ, ինչպես ասում են, անծանոթ համարներին չի պատասխանում… այնուամենայնիվ որդու անվան շուրջ բարձրացած աղմուկի նկատմամբ նման անտարբերությունը անտրամաբանական ու անհասկանալի է:

Տաթև Հարությունյան




Լրահոս