Այսօր խորհրդարանը քննարկում էր «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նշեց, որ Հայաստանի դատական համակարգը, մեղմ ասած, վատ վիճակում է: «Երբ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ինչ-որ օրինագծի վերաբերյալ դիտողություններ ենք անում, կառավարության ներկայացուցիչն ընդունում է այն: Բայց պետք է փաստել, որ Կառավարության համար, կարծես, սկզբունք է դարձել՝ լսել մոր խորհուրդները, բայց անել հակառակը»:
Ջհանգիրյանը ընդգծեց, որ Կառավարությունն իր ներկայացրած օրինագծերում շարունակում է ներկայացնել կետեր, որոնք շատ հակասական են:
«Հոնքը ուղղելու տեղը՝ աչքն էլ ենք հանում»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ այն օրենքները, որոնց մեջ փոփոխություններ են կատարում, միտում ունեն հասնել միջազգային փորձին, բայց պետք է փաստել, որ տեղի է ունենում հակառակը:
«Ստրկատիրական դատական համակարգերը փոխում ենք ճորտատիրականի», – եզրափակեց Ջհանգիրյանը: