ԱՌԱՅԺՄ՝ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոալիցիոն կուսակցություններն ԱԺ ընտրություններին կմասնակցեն առանձին. նման որոշում է կայացվել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ երեկ` վաղ առավոտյան, կայացած կոալիցիոն նիստի ժամանակ: Բացի այդ, կոալիցիան ԱԺ ընտրություններից առաջ հստակեցրել է խաղի կանոնները:
«Կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը: Կարեւորվել է կոալիցիոն գործընկերության միասնականությունն ու համախմբվածությունը, առաջիկա խորհըրդարանական ընտրություններում քաղաքական զսպվածության եւ կոռեկտության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը, ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վճռականությունը»,-նման հայտարարություն է տարածել կոալիցիայի «հայր» ՀՀԿ մամուլի ծառայությունը:
Կոալիցիայի այս նիստն ամենեւին էլ անակնկալ չէր. դեռ նախորդ շաբաթ, երբ ԲՀԿ-ն նախ բոյկոտեց կառավարության՝ ԱԺ ներկայացրած օրինագիծը, հաջորդ օրը՝ նաեւ ԱԺ նիստը, ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կրկին լարվել էին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` երեկվա նիստում քննարկվել են ներկոալիցիոն հարաբերությունները: Սկզբում առաջարկ է եղել կոալիցիոն նոր հայտարարություն ստորագրելու մասին: Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմադրել է այդ մտքին՝ նաեւ որպես պատըրվակ բերելով, թե տարին մեկ նոր հուշագիր չեն ստորագրում, իրենք հավատարիմ են արդեն մեկ տարի առաջ ստորագրված տեքստին, համախմբված են Ս.Սարգսյանի շուրջ: Ի վերջո, որոշումներն ու պայմանավորվածությունները կայացվել են բանավոր: Եւ կոալիցիան բավարարվել է հայտարարություն տարածելով` միայն թե այն վերապահելով ՀՀԿ-ին: Քննարկվել է նաեւ բոլոր ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանի հայտնի հանձնարարականը, եւ որ հնարավոր է` դրա արդյունքում կրքերը լարվեն, ընդհուպ մինչեւ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը հասկացնել է տվել, որ ինքը կարեւոր ընտրատարածքներում մտադիր չէ զիջել: Մեր աղբյուրները չեն բացառում, որ այս նիստից հետո Ծառուկյանն, ի վերջո, ետ կանգնի այդ մտադրությունից:
Թեեւ կոալիցիայի այս նիստում նոր հուշագիր չստորագրվեց, սակայն ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեր հարցին ի պատասխան, չբացառեց դրա հավանականությունը: «Դժվար թե հուշագիր, բայց անհրաժեշտության դեպքում չեմ բացառում հայտարարությամբ հանդես գալը»,-ասաց նա: Իսկ կոալիցիոն նիստը, ըստ նրա, կապված չի եղել նախորդ շաբաթ խորհրդարանում կատարվածի հետ: Նա նաեւ նշեց, որ ընտրություններին ընդառաջ` կոալիցիան նիստ կանցկացնի շաբաթը մեկ:
Ուշագրավն այն է, որ թեեւ կոալիցիան պայմանավորվել է «ազնիվ մրցակցությամբ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել», սակայն ամենամիամիտ մարդն անգամ չի հավատա դրան: Ավելին, հատկապես ՀՀԿ-ն ցույց է տվել, որ ընտրակեղծիք կատարելն իր համար դարձել է կենսակերպ, առանց որի իրենք չեն կարող գոյատեւել: Մանավանդ, իշխանության միակ ռեսուրսը վարչական ու ֆինանսական լծակներն են, ինչն էլ նրանք պատրաստվում են գործի դնել: Շատ ավելի զավեշտալի են կոալիցիայի պայմանավորվածությունները՝ նախընտրական շրջանում լինել կոռեկտ եւ զըսպված: Մոտավորապես բակում խաղացող անհաշտ երեխաների նման, որոնք վեճից հետո խոսք են տալիս այլեւս իրար չհայհոյել, բայց հետո մի կոնֆետի համար, այնուամենայնիվ, սկսում են վիճել:
Այնպես որ, դժվար թե կոալիցիային հաջողվի այս վիճակը երկար պահել, եւ նախընտրական շրջանում կրկին ականատեսն ենք լինելու փոխադարձ մեղադրանքների: Առավել եւս, որ, օրինակ, նույն կոալիցիոն ՕԵԿ-ը մշտապես իշխանության դափնիները վերագրել է իրեն՝ անհաջողություններն ու ձախողումները թողնելով ՀՀԿ-ին, իսկ մարզերում Արթուր Բաղդասարյանի ելույթներից տպավորություն է ստեղծվում, թե գործ ունենք արմատական ընդդիմության վառ ակտիվիստի հետ: ԱԺ ՀՀԿ խըմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի համար այդ ամենն արդեն դարձել է սովորական. «ՀՀԿ-ն բոլոր խնդիրներում մեծ դերակատարում ունի, բայց ընտրություններ են, բոլորը փորձում են նաեւ չարած գործերի մասին խոսել»: Սակայն նա կարծում է, որ կոալիցիան կպահպանի պայմանավորվածությունները, քանզի հակառակը պնդելու հիմքեր չունի: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարցրինք՝ որքանով կհաջողվի կոալիցիային պահել պայմանավորվածությունը: «Սա արդեն յուրաքանչյուր քաղաքական կուսակցության անհատական պատասխանատվության հարց է: Ես կարող եմ խոսել բացառապես ԲՀԿ անունից եւ երաշխավորում եմ, որ պահպանելու ենք խաղի կանոնները»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ միայն կոալիցիոն, այլեւ մյուս քաղաքական ուժերը եւս պետք է պահպանեն կոռեկտությունն ու ամեն ինչ անեն առողջ մրցակցային դաշտ ապահովելու համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս