Ազգային ժողովում այսօր ընթանում էր «Գովազդի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի երկրորդ ընթերցումը:
Հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը նշեց, որ օրինագծում ներառվել է 2 առաջարկ՝ թույլ տալ 20 տոկոսից բարձր ալկոհոլ պարունակող ոգելից խմիչքների գովազդ իրականացնել ժամը 22։00-ից մինչև 06։00-ի փոխարեն՝ ժամը 22:30-ից 06:00-ը, ինչպես նաև` գովադը թույլատրել նաև տպագիր ձևաչափով, բացառությամբ՝ ամսագրերի շապիկի։
Այս առաջարկներից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեմ արտահայտվեց այս օրինագծին՝ նշելով, որ օրենքի փոփոխությունը որոշ գործարար շրջանակների լոբբինգ է: Նա ընդգծեց, որ ամբողջ աշխարհը կողմ է գնում խմիչքի ու ծխախոտի գովազդի կրճատմանը.
«ՀՀ-ն այդ ուղղությամբ երկար ժամանակ բավական առաջ է գնացել՝ մերժելով ծխախոտի և խմիչքի գովազդը։ Կառավարությունը դեմ է, բժիշկները դեմ են, բոլորս էլ գիտենք, որ սա վատ է, բայց մի քանի հոգու կամքի արտահայտությունն է, համաձայնություն են տվել ու այդ նախագիծը բերել են։ Հազիվ մի քիչ առաջ ենք գնացել: Դիմում եմ ձեզ, մի՛ քվեարկեք այս օրենքին կողմ, ամո՛թ է: Մենք հետ քայլ ենք կատարում», – հայտարարեց նա, հավելելով, թե տեղյակ է, որ ՀՅԴ, «Ժառանագություն» և ԲՀԿ խմբակցությունները նույնպես դեմ են նախագծին: