7 ԱՄՍՎԱ ՄԵՋ Ի՞ՆՉ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՄՀԵՐՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2009 թվականի փետրվարի 3-ին` ժամը  20:30-ի սահմաններում, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում` իր տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներից սպանվեց Հայաստանի փոխոստիկանապետ 34-ամյա Գեւորգ Մհերյանը: Արձակված գնդակներից երեքը դիպել էին Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Սպանված փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդու գործի բացահայտումը կախված էր քննիչ Հեկտոր Սարդարյանից, որը, սակայն, ամեն ինչ արել է փաստերն անհետացնելու համար:
Գեւորգ Մհերյանի հայրը դեռեւս  ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ իր որդու մահվան պատճառը,  հնարավոր է,  կապված լինի նրա ինֆորմացիոն կրիչի (ֆլեշկա) հետ, որի մեջ երիտասարդ Մհերյանը հիմնականում «պահել» է իր ունեցած տվյալները: Երեկ մենք զրուցեցինք Պետրոս Մհերյանի հետ`  պարզելու` արդյոք այդ վարկածի հետ կապված  նոր բացահայտումներ կան:  «Ասեմ, որ չիպի հարցով դեռեւս ժամանակին աղմուկ է բարձրանալու, ես հիմա գիտեմ, որ գործ է կատարվում բացահայտելու, թե որտեղ է գտնվում իմ տղային պատկանող չիպը»:
Մեր խնդրանքին` պարզաբանել,  թե ինչ նկատի ունի` ասելով, որ ժամանակ անց լուրջ աղմուկ է բարձրանալու,  Մհերյանն արձագանքեց. «Չեմ կարա ասեմ, դա իրա գործունեությունն ա, կարող ա կոռուպցիայի հետ կապված լինի, բայց թե կոնկրետ ինչ կարող է լինել չիպում, դա չեմ կարող ասել: Եթե լուրջ բան չկա դրա մեջ, ուրեմն ինչի՞ ա կորում, դա տարօրինակ չէ՞: Անհետացել ա` փաստ ա, եւ արձանագրության մեջ էլ կա: Ինչի՞ է անհետանում սեղանի վրայից ֆաքսը, որը եւս արձանագրությունում կա, կան նաեւ բավականին շատ փաստաթղթեր, որոնց գոյությունն արձանագրվել ա, բայց էսօրվա դրությամբ անհետացել են…  դրանք էլ էին իր աշխատանքի հետ  կապված»:
Ըստ  Պետրոս  Մհերյանի`  այդ «չիպում»  տեղեկություն է եղել նաեւ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի սեփականատերերի մասին. «Ինքն իմ հետ ոչինչ չի կիսվել, էդ հարցը տվե’ք հատուկ գործերով քննիչ Հեկտոր Սարդարյանին, որն այդ գործն էր քննում, ու որը, կարող եմ միանշանակ ասել, պրավալ տվեց: Ոչինչ չարին երկու տարվա մեջ, էդ դեպքերից հետո ինքն ա ասել, որ ուներ տըվյալներ: Բայց թե Մհերյան Գեւորգն ուներ տվյալներ Վարդենիսի ոսկու հանքերից,  դա էլ է իմ համար տարօրինակ: Մեկ շաբաթ հետո Սարդարյանն ասում ա` չէ’, տենց բան չի եղել: Ինքն ասեց` Մհերյանն ունի տվյալներ, բայց թե այդ տվյալներն էլ են չիպի մեջ, ես չեմ կարող ասել, ես չունեմ հետաքրքրություն, որ վարկաբեկեմ Հեկտոր Սարդարյանին, ես կրկնում եմ իրա խոսքերը»:
Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ գործը գտնվում է նախագահի վերահսկողության տակ. «Ես դրանով հանգիստ եմ, բայց երեք տարի է անցել իմ որդու սպանությունից, ես հույս ունեմ, որ կբացահայտվի… Էլի ասում եմ, որ Հեկտոր Սարդարյանը կարտերը շատ խառնեց, հիմա շատ դժվար ա: Ինչո՞ւ երկու տարի ոչինչ չարեց, արձանագրել ա ու վերջ, թղթերը հավաքել ա ու  ոչ մի բան»:
Սպանված փոխոստիկանապետի հայրը  նշեց, թե ինքը հետո է տեղեկացել, որ արձանագրությունում նշված է եղել էլեկտրակրիչի գոյության մասին, որն առգրավվել է, սակայն  հետո անհետացել: Մհերյանը հավելեց, որ տանը եւս փաստաթըղթեր է գտել, որտեղ իր որդու ձեռագրով տեղեկություններ են եղել` Սոթքի ոսկու հանքի հետ կապված, սակայն որեւէ բան չցանկացավ նշել. «Ես վախենալու ոչինչ չունեմ, ինչ վախենալու ունեի, արդեն կորցրել եմ, սպառնալիքներ չունեմ, բացի այն, որ թունավորվեցինք անհասկանալի պայմաններում, ու  ոչ մի բան չբացահայտվեց»:
Պարոն Մհերյանը հիշեցրեց նաեւ ՀՀ  նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի բառերը թե «արդեն այդ գործով ձերբակալվածներ կան». «Ինչի՞ համար էին հենց առաջին օրվանից կուրծք ծեծելով բղավում, որ կբացահայտվի, ինչի՞ համար, ի՞նչն էր իրենց համոզմունքը, ինձ թվում ա` օրերից մի օր կհանդիպեմ Ալիկ Սարգսյանին, ինքն ա ղեկավարել էս գործը: Ամպագոռգոռ բառեր ասել, հետո մոռանալ` սա էլ է շատ տարօրինակ, հենց իր փոխոստիկանն էր, ես չեմ հասկանում` իմ էրեխեն 7 ամսվա մեջ ինչ կարար արած լիներ,-տարակուսեց Մհերյանը` այնուամենայնիվ եզրակացնելով,-առաջընթաց ա ունեցել, դա միանշանակ»:
Վերջում հավելենք, որ սպանության կապակցությամբ  քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով. 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` սպանություն, որը կապված է անձի ծառայողական գործունեության հետ, եւ 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինի հրազենի կրում: Նշենք նաեւ, որ քրեական գործը քննում էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

 ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս