ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՆԵՏՎԵԼ ԿԱՄՐՋԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում եւ, ցավոք սրտի, նաեւ Հայաստանում աճել է ինքնասպանության դիմող մարդկանց թիվը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` 2011թ-ին Հայաստանում գրանցվել է 592 դեպք` 18.9 տոկոսով ավելի, քան նախորդ տարի, դրանցից  225-ն ինքնասպանություններ են, 367-ը` ինքնասպանության փորձ:
Մարդիկ բավականին տարբեր պատճառներով են որոշում վերջ դնել իրենց կյանքին` սկսած սոցիալական պայմաններից, մինչեւ խիստ անձնական բնույթի խնդիրները: Այս ցավալի թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը   զրուցեց «Ինտրա» հոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան Քրիստինա Գալստյանի հետ:
-Ավելի շատ ո՞ր տարիքային խմբի մարդիկ են դիմում ինքնասպանության:
-Հայաստանում ռիսկի գործոնը տատանվում է 14-25 տարեկան մարդկանց միջեւ:
-Կնշե՞ք ամենատարածված պատճառները:
-Երիտասարդները հիմնականում գնում են այդ քայլին սոցիալական վատ պայմաններում ապրելու հետեւանքով, ինչպես նաեւ ունենալով անձնական տարբեր բնույթի խնդիրներ: Ավելի հասուն տարիքում ինքնասպանության կարող է դրդել անաշխատունակությունը, աշխատատեղերի բացակայությունը:
-Հայաստանում ավելի շատ աղջիկների՞, թե՞ տղաների ինքնասպանության դեպքեր են գրանցվել:
-Վերջին շրջանում թիվը հավասար է:
-Կարո՞ղ է աղանդը մարդուն դրդել ինքնասպանության:
-Ցավոք սրտի այո’, եւ  դա վերջերս շատ տարածված է նաեւ Հայաստանում:
-Հիմնականում ո՞ր տարբերակով են ինքնասպան լինում:
-Այժմ ամենատարածվածը կամրջից նետվելն է, որը, ի դեպ, հատուկ է որեւէ աղանդի պատկանող մարդկանց, հետո նոր` դեղամիջոցները, կախվելը եւ այլն:
Հ.Գ. փոխանակ հայրենի իշխանությունները մտածեն երիտասարդ սերնդի հոգեբանական այս վիճակի մասին, լայն ժպիտով քարոզչություն են իրականացնում: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ ինքնասպանությունների դեպքերն ավելացել են: Մարդիկ հաստատ լավ օրից չէ, որ որոշում են վերջ դնել իրենց կյանքին: Սա խնդիր է, որը արագ լուծում է պահանջում: Հուսանք, որ գործող կառավարությունը ժամանակ կգտնի եւ իրեն գովազդելու «արանքում» կմտածի նաեւ երիտասարդների կյանքի բարեկեցության մասին:

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս