ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԻՐԱԾ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդան քաղաքում կա մի թաղամաս, որը Տնակներ է կոչվում. տեղացիներն այդպես են անվանել, որովհետեւ այդ թաղամասում մարդիկ ապրում են բացառապես տնակներում: Բոլոր բնակիչներին չենք «հյուրընկալվել», բայց դըրսից էլ երեւում է նրանց «բարվոք» կենսակերպը: Մենք ծանոթացանք բազմանդամ մի ընտանիքի հետ, որոնց  «եվրոտնակում» կային նաեւ այլ բնակիչներ` կատու, ճագար, այծ… Որ կենդանիները մարդու բարեկամներն են, լսել էինք, բայց որ նաեւ կարող են  ընտանիքի անդամներ լինել, առաջին անգամ էինք տեսնում:
Ընտանիքի մայրը` Նունեն, տեսնելով ներս մտնող անծանոթի, իրար խառնըվեց. «Վա՜յ, ինչ ամոթ է, տունն էլ չեմ մաքրել…»,  թեեւ միեւնույն է, ինչքան էլ մաքրեր, այդ փոքր սենյակը դժվար թե դառնար մարդկային բնակարան, որովհետեւ կենդանիներն ավելի գերակշիռ տեղ էին զբաղեցնում` սեղանի վրա, թախտի տակ…  «Տունը» ուներ նաեւ մի ուրիշ դուռ, որը տանում էր գոմ, որտեղ պահում են ավելի խոշոր կենդանիներին: Զարմանքն անսահման էր, բայց այդ մարդիկ այդպես ապրում են արդեն 17 տարի. «Դե երեւի 95 թվից,  էլի»:
Նունեն 6 երեխա ունի, 2-ն ամուսնացել են, այժմ իրենց հետ են ապրում 4 անչափահաս երեխաները, որոնք, ինչպես ծնողներն ասացին, բոլորն էլ ծնվել են այդ  տնակում: Եւ ինչպես հպարտորեն նշեց երեխաների հայրը, «ծնունդներն ինքն է ընդունել»:
Ամուսինը` Սաքոն, բանտից նոր է դուրս եկել, 2 տարի «նստած» է եղել: Թե ինչու էր «նստած», կինը չմանրամասնեց, միայն խուսափողական պատասխան տվեց. «Դե եսիմ, նստած էր, էլի: Մի հատ աղջիկ շառ էր արել, ըտենց, էլի…»: Ամուսինն ու երեխաները բակում ձիուն էին կերակրում, որը, Նունեի ասելով, գնել են վեցերորդ երեխայի ծնվելուց հետո ստացած նպաստով: Ինքն ու ամուսինը չեն աշխատում, իրենց ապրուստի միջոցը նպաստն է, որը, ինչպես Նունեն նշեց, «շատ չնչին է»: Նաեւ «շիշ են հանձնում», «երկաթ են հանձնում», ու ցույց տվեց բակում դիզված մետաղի թափոններն ու պարկերով շշերը:
Քանի որ քաղաքում նախընտրական շրջան էր, եւ հրազդանցիները պատրաստվում էին ընտրությունների, հարցրինք, թե գոնե այս շրջանում, երբ թեկնածուները հանկարծակի առատաձեռն են դառնում, արդյո՞ք նրանց չեն դիմել որեւէ խնդրով: Բայց Նունեն ասաց, որ նույնիսկ նախկինում երբեւէ չեն դիմել իրենց քաղաքապետին. «Դե ի՞նչ դիմենք, ամոթ ա: Շու~տ, մի անգամ, որ գնացինք մոտը, չընդունեց, դրանից հետո էլ ոչ էլ դիմել ենք»:

ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ




Լրահոս