Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, Վայոց ձորի Ազատեկ գյուղի ջրի խողովակները ՀԷԿ կառուցելու նպատակով պետք է տեղափոխվեն: Դա առաջացրել էր ազատեկցիների դժգոհությունն ու վրդովմունքը:
Քանի որ երեկ Վայոց ձորի փոխմարզպետը կցկտուր տեղեկություններ մեզ հայտնեց, այսօր փորձեցինք պարզաբանում ստանալ գործողումից վերադարձած Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկություններով` խողովակները ՀԷԿ-ի կառուցման համար չեն օգտագործում, խողովակները տնօրինում է տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն: Կա կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի հանձնարարականը, որ այդ խողովակներն օգտագործվեն այլ ջրօգտագործողների ընկերություններում ոռոգման ջրատար կառուցելու համար:
Մարզպետի տեղեկացմամբ, խողովակաշարն ամբողջությամբ չի օգտագործվելու. խողովակաշարի մի մասն է օգտագործվում ոռոգման ջրատար կառուցելու համար:
Ինչ վերաբերում է գյուղացիների այն մտավախությանը, թե խողովակներն իրենց գյուղին անհրաժեշտ են, քանի որ վթարի դեպքում դրանք կարելի է օգտագործել, Էդգար Ղազարյանի պարզաբանեց, որ այդ խողովակաշարն այս պահի դրությամբ չի օգտագործվում. «ԽՍՀՄ-ի տարիներին խողովակաշարի միջոցով ջուրը պոմպերով Արփա գետից մղել են Ազատեկ, բայց հետագայում կառուցվել է ինքնահոս ոռոգման ջրագիծ, իսկ խողովակաշարը չի օգտագործվել»:
Պաշտոնյայի պարզաբանմամբ խողովակների մի մասը կմնա գյուղում և, եթե հետագայում կարիք լինի նոր ոռոգման համակարգ անցկացնելու, դա կօգտագործվի:
Անդրադառնալով այն պնդումներին, թե առայսօր որևէ փաստաթուղթ ցույց չի տրվել գյուղացիներին` հաստատելու, որ այդ որոշումը կայացրել է պետական կառույցը, Էդգար Ղազարյանն ասաց, որ համայնքի ղեկավարին խնդրել է ջրօգտագործողների միությունից վերցնել համապատասխան փաստաթղթերը` համայնքի բնակիչներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու համար:
Սոնա Դավթյան