ԽԱՇԹԱՌԱԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղում  տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ցուցակային 1418 ընտրողներից մասնակցեց 1070-ը: Գործող համայնքապետի` ՀՀԿ անդամ Հայկ Քամալյանի օգտին տրվել է  466, ԲՀԿ անդամ Անդրանիկ Վիրաբյանի օգտին` 296, նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Վանեսյանի օգտին` 285 ձայն, 23 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Նման արդյունքն ակնկալվում էր. գործող գյուղապետին «ընդդիմադիր» 2 թեկնածուների դեպքում նրա դեմ տըրված քվեները կիսվեցին, ինչն ապահովեց գյուղապետի վերընտրությունը: Մանավանդ որ Արթուր Վանեսյանը եւ Անդրանիկ Վիրաբյանը բարեկամներ են, եւ նրանց հարազատներին դժվար էր որեւէ մեկին նախապատվություն տալը: Նշենք, որ խաշթառակցիներն ընտրությանն ակտիվ էին. դժվարությամբ քայլող ծերերը, մանկահասակ երեխաները գրկներին մայրերը սառցապատ, վտանգավոր ճանապարհներով եկել էին դպրոցի ուսուցչանոցում տեղակայված ընտրական տեղամաս: Մի տղամարդ ընտրական տեղամաս էր եկել կոշիկներին փալաս փաթաթած, որպեսզի ճանապարհին չսայթաքի: Մարդկանց  քվեարկելու էին բերում նաեւ ավտոմեքենաներով: Ժամը 11:00-ից մի քանի ժամ շարունակ  տեղամասի առաջ հերթեր էին, կանգնածները դհգոհում էին, թե տանը հիվանդին առանց հսկողության են թողել, կամ երեխան մենակ է մնացել: Ընտրական գործընթացը ձգձգվում էր այն պատճառով, որ ընտրողները տեղամաս էին մտնում` առանց ճշտելու ընտրացուցակներում իրենց համարները: Ոստիկանները տեղամասի մուտքի մոտ կարգ ու կանոն էին պահպանում, զսպում հերթը խախտել ցանկացողներին: Մեծ խախտումներ չարձանագըրվեցին: Մի դեպքում ընտրողը ցանկանում էր բջջային հեռախոսով նկարել իր նշումով քվաթերթիկը, սակայն տեղամասային հանձնաժողովի նախագահ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Մարիետա Սահակյանը կանխեց եւ մարեց այդ քվեաթերթիկը: Շատ էին դեպքերը, երբ տարեց տղամարդը փորձում էր քվեախցիկին մոտենալ իր կնոջ հետ եւ վերահսկել նրա քվեարկությունը, կամ ծնողն էր ցանկանում իր զավակի հետ քվեարկել, ինչը կանխվում էր հանձնաժողովի անդամների կողմից: Բայց քվեարկության 1070 մասնակիցներից 109-ը քվեարկեցին ուրիշի ձեռքով: Դրա համար հանձնաժողովի մատյանում քարտուղարը գրանցում էր օգնող անձի անձնագրային տվյալները, որպեսզի նույն անձը երկու անգամ չօգնի տեսողությունից դժգոհողներին: Այնուամենայնիվ, կասկածելի է, որ խաշթառակցի ընտրողների ավելի քան տասը տոկոսը վատ է տեսնում: Ըստ երեւույթին, դա արվել էր այն բանի համար, որ թեկնածուին խոստում տված մարդիկ քվեարկելիս չխաբեին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս