Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 23-ամյա բնակիչ Նարեկ Պեպանյանը «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում 2013 թվականի սեպտեմբերից սկսած` տևական ժամանակ «Odnoklassnik.ru» սոցցանցի միջոցով գումարներ է շորթել Նունե Ղ.-ից:
Այսպես, Armlur.am-ը տեղեկացավ, որ Նարեկը ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել Նունե Ղ.-ի հետ, այնուհետև «Odnoklassnik.ru» սոց. կայքում ստեղծել է «NUNE JAN» պայմանական անվամբ անձնական էջ և տեղադրել վերջինիս բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրաֆիկ բնույթի այլ լուսանկարներ:
Այնուհետև Նարեկ Պեպանյանը գրել է այդ լուսանկարներին վերաբերող վիրավորական մեկնաբանություններ և իր բջջային հեռախոսով պարբերաբար զանգահարել է Նունեին:
Ավելի ուշ Պեպանյանը սպառնացել է Նունեին` ասելով, եթե իրեն չվճարի 3000 ԱՄՆ դոլար, ինքը կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասով (Գողությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով, նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Նարեկ Պեպանյանը ներկայումս գտնվում է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
Քրեական գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Յուրի Բաղդասարյանին:
Գործին է կցվել իրեղեն ապացույց ճանաչված 1501 ԱՄՆ դոլար, 74000 ՀՀ դրամ և 500 ՌԴ ռուբլին փաթեթավորված և կնքված:
Տաթև Հարությունյան