«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Մարդիկ, ովքեր Ռուսաստանի գլխավոր հեռուստաքարոզիչ Դմիտրի Կիսելյովին հրավիրել են Հայաստան թերեւս պիտի նրան բացատրած լինեին, իսկ գուցեեւ թեթեւակի ասե՞լ են, թե հատկապես ուր է նա գալիս, որ Հայաստանն, այնուամենայնիվ, Կրասնոդարի երկրամասը չէ:
Հարցն այն է, որ նախօրեին խորհրդարանում Դմիտրի Կիսելյովն արել է արտահայտություններ, որոնք բուռն ու, անխուսափելիորեն կրքոտ, զայրալից արձագանքների առիթ են դարձել:
Ահավասիկ, Ռուսաստանի պետական հեռուստաքարոզչի աղմկահարույց արտահայտությունը. «…Եթե Երեւանում փաստացի չեն մնացել ռուսական դպրոցներ եւ Հայաստանում ռուսաց լեզուն չի գործածվում, ապա սա նշանակում է, որ ռուսական մշակույթն է վերանում, եւ Ռուսաստանի հետ կապը աստիճանաբար վտանգավոր միտում է ստանում: …Երեւանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել»:
Բանը, ի դեպ, դրանով չի ավարտվել, եւ Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանն էլ խոսել է Հայաստանում ռուսերենը… երկրորդ պետական լեզու հայտարարելու անհրաժեշտության մասին:
Սկսենք նրանից, որ Դմիտրի Կիսելյովին, Երեւանում եղած ժամանակ, սպասարկել է «Համմեր» ավտոմեքենա, որով էլ նա, ի դեպ, ժամանել էր ԱԺ շենք: Ի դեպ, խիստ զարմանալի է, որ այդ ընթացքում ռուս քարոզչին պետական բարձրաստիճան այրին համարժեք պատիվներ են տրվել: Մասնավորապես նրան սպասարկող ավտոմեքենան (հատկանշական է, ի դեպ, որ ոչ ռուսական արտադրության մեքենա) ԱԺ գլխավոր մուտքին է մոտեցել, ինչն արվում է օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների ժամանելու դեպքում: Ինչո՞ւ: Կամ՝ որ ի՞նչ:
Շատ ավելի հետաքրքրական է, թե նա առհասարակ ինչ գիտե, ինչ կարգի տեղեկատվության է տիրապետում Հայաստանում ռուսերենի տարածվածության, գործածության, ռուսական մշակույթի ներկայության կամ բացակայության առումով։
Մտացածին ու կեղծ է հնչում նաեւ մտահոգությունը «ռուսական մշակույթի վերանալու…» կամ, առավել եւս, երկրորդական լինելու առումով: Հայաստանում, ընդգծենք, առաջնայինը միայն հայ մշակույթն է, չնայած դասակարգումն այս հարցում էլ անհեթեթ եւ արհեստական մի բան է:
Է՛լ ավելի արհեստական եւ քննադատելի է ռուսերենին, այսպես կոչված, «երկրորդ պետական լեզվի» կարգավիճակ տալու հարցը, որ առիթ-անառիթ օրակարգ են բերում կամ այդ երկրի տարբեր ներկայացուցիչներ, կամ Հայաստանում ռուսական շահերն արտահայտող ու սպասարկող զանազան տեղացի գործիչներ:
Կարճ ասած, տխրահռչակ «ռուսական մեծապետական շովինիզմը» Հայաստանում ելույթներ ունենալու լավագույն տարբերակը չէ: Ավելին՝ չգիտեմ, թե ինչ առաքելություն է ստանձնել Կիսելյովը, բայց նրա նման մի երկու-երեք գործիչը բավական է, որ ակտիվ հասարակության հարթության վրա հայ-ռուսական հարաբերությունները սրվեն: Այսինքն՝ բերեք նման մեկ-երկու քարոզիչ, ու այլեւս հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ինչ-որ գրանտային ծրագրեր կամ իրականացնողներ պետք չեն, եթե այդպիսիք կան:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: