«Իրատես de facto» թերթը զրուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Հարությունյան, մի շարք, այդ թվում` լեզուների իմացության, միջազգային աշխատանքային փորձի, իրավաբան լինելու առումով կառավարությունում Դուք բավականին շահեկան վիճակում եք հայտնվել «այլոց» համեմատ, եւ այդ մասին չի մոռանում շեշտադրել մամուլը:
Հա՛րցը:
Այդպե՞ս է, թե՞ ոչ:
Ո՛չ:
Ինչպե՞ս է: Ստույգ ձեւակերպեմ. ինչպե՞ս եք գնահատում ինքներդ Ձեր աշխատանքը:
Առաջին հատվածը բավականին ծանր էր, որովհետեւ պետք էր նախապատրաստել կառավարության ծրագիրը, որովհետեւ այն առավելագույն ուշադրություն էր պահանջում, հիմա գործունեության կազմակերպման, ասենք այսպես` ամենօրյա աշխատանքի փուլ է: Ընդ որում, երկու ուղղությամբ` թե որպես նախարար, թե որպես աշխատակազմի ղեկավար. սրանք բացարձակապես տարբեր գործառույթներ են, երկուսի համատեղման համար անհրաժեշտ է ճիշտ տեղաբաշխում:
Պարոն Հարությունյան, Դուք նո՞ւյնպես կարծում եք, թե կառավարությունում գործարարներ չկան:
Պետք է ճշտել` ի՞նչ նկատի ունեք ասելով` «գործարարներ»: Մարդիկ, ովքեր գործարարությամբ զբաղվել են, իհարկե, կան, եւ նրանք դա չեն թաքցնում: Եթե նկատի ունեք, որ այսօր ամենօրյա իրենց գործունեությամբ են նրանք զբաղվում գործարարությամբ, ասեմ, որ այսօր կառավարությունում որեւէ մեկն ի վիճակի չէ զբաղվելու գործարարությամբ` ամենամեծ ցանկության դեպքում իսկ:
Բայց դե կառավարության ղեկավարի հրավիրած հայտնի հանդիպմանը մասնակցում էր ողջ իշխանական «էլիտան», որպես գործարար խավ։ Այդ խավի հետ էր ընթանում խոսակցությունը` հավասար հարկային դաշտ տեղափոխվելու:
Ես կարծում եմ` այստեղ կա մեծ տարընթերցում. միգուցե այն հասկացության մասին է խոսքը, թե ինչ եք հասկանում «գործարար» ասելով: «Գործարար»` ես հասկանում եմ անձ, որի ամենօրյա գործունեությունը միայն գործարարությամբ զբաղվելն է, եւ ինքն անձամբ է կառավարում իրեն պատկանող բաժնետոմսերը:
Պարոն Հարությունյան, կարելի է իրավաբանական տեղը տեղին փաթեթավորումով ձեւակերպել նրանց «վիճակները», բայց այն, ինչ այսօր մենք դեֆակտո տեսնում ենք, արձանագրում է, որ կառավարության, պատգամավորների մեծ մասը լուրջ գործարարությամբ զբաղվող մարդիկ են:
Կարծում եմ` Դուք սխալվում եք: Ասեմ` ինչու: Ես արդեն հիշեցրի, որ գործարարությունը պահանջում է ուժերի մեծ լարում, ժամանակ, եթե մարդիկ լուրջ են զբաղվում դրանով, իսկ կառավարության անդամներն ի վիճակի չեն դա անելու»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: