Պաշտոնատար անձի հայտարարությունը՝ վտանգավոր նախադեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերնիսաժի գործով» այս պահին որպես վկա ճանաչված Վալերի Հովհաննիսյանի` հունիսի 6-ից պաշտպան ճանաչված Լևոն Բաղդասարյանը համոզված է, որ իր վստահորդը պետք է լինի տուժողի կարգավիճակում, և մեծ մտավախություն ունի, որ Հովհաննիսյանը, ինչպես՝ Ներսես Առաքելյանը, մեղադրյալ կճանաչվի:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ դեպքի օրը վնասվել է նաև Վալերի Հովհաննիսյանի հոր մեքենան, ինչը հաշվի առնելով` պետք է տուժող ճանաչվի նաև Վալերիի հայրը:

«Պետք է միմյանց ներելու կարողություն և կամք ունենան մարդիկ: Օրը ցերեկով կրակում են մարդիկ իրար վրա, վիճաբանությունը միշտ չէ, որ պետք է կրակոցների առիթ լինի: Ի՞նչ է նշանակում մեքենայից դուրս գալ ու կրակել»,- ասաց Բաղդասարյանը:

Լրագրողների այն հարցին, թե ճիշտ է արդյոք տարածված այն լուրը, թե Վալերին քրեական հեղինակություն է, վերջինիս պաշտպանը նշեց, որ ինքը նման լուրեր լսել է մամուլից, և եթե անգամ այդպես է, պաշտպանի համոզմամբ՝ դա չի կարող այս դեպքում ինչ-որ բան նշանակել:

«Վալերին 29-ամյա երիտասարդ է, ով լեցուն է ավյունով ու կյանքով: Եկել է Մոսկվայից: Իսկ թե ինչով է զբաղվում, կճշտեմ, հետո կասեմ»,- շարունակելով խոսքն` ասաց փաստաբանը:

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի այն հայտարարությանը, թե եթե ինքն էլ լիներ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի` Գոռ Մելքոնյանի փոխարեն, նույն կերպ կվարվեր:

Լևոն Բաղդասարյանը հարց ուղղեց Ալիկ Սարգսյանին, թե ինչպես կարող է ոստիկանը նման բան ասել. «Տվյալ պաշտոնատար անձի նմանօրինակ հայտարարությունը նախաքննության փուլում վտանգավոր նախադեպ է բոլոր պաշտոնյաների համար, որոնք իրենց իրավունք կարող են վերապահել այս կամ այն քրեական գործով որակումներ տալ: Ձեր՝ ոստիկանապետ եղած տարիներին, իբր բացահայտած բանդայի գործով, քանի՞սն են ոստիկանների կողմից մահացու ծեծվել, իսկ հետագայում էլ, երբ մեղքը չի  ապացուցվել, դատվել որպես թմրամոլներ: Ավելին, ոստիկանության բարձրաստիճան սպա, նախկինում հանրապետության նախագահի օգնական Գևորգ Մհերյանին իր տան դիմաց գնդակահարելուց հետո, երբ հայտարարեցիք, որ դա ձեր և ձեր մունդիրի պատիվն է՝ բացահայտել տվյալ սպանությունը, որը մինչև հիմա չի բացահայտվել»,- այսպես արտահայտվեց փաստաբանը Ալիկ Սարգսյանի մասին:

Տաթև Հարությունյան




Լրահոս