ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է. որ վարչակազմը տարբերակներ է փնտրում զինված իսլամականների դեմ պայքարում Իրաքի իշխանություններին օգնելու համար, չի բացառվում նաև ուղղակի ռազմական միջամտությունը. տեղեկացնում է BBC-ն:
«Մենք շահագրգռված ենք, որ ջիհադականները չկարողանան հիմնավորվել Իրաքում և Սիրիայում», – ասել է ԱՄՆ-ի նախագահը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Օբամայի խոսքով՝ ներկայումս Իրաքը հավելյալ օգնության կարիք ունի ԱՄՆ-ի կողմից:
Ինչպես պարզաբանել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին, Օբաման չի բացառում Իրաքի նշանակետերին օդային հարվածներ հասցնելու հնարավորությունը, սակայն ամերիկյան զինվորականների մասնակցության ցամաքային օպերացիայի մասին խոսք չի գնում:
Օբաման մտահոգված է Իրաքում իրադարձությունների զարգացմամբ, որտեղ այս շաբաթ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ ծայրահեղականները գրավել են Մոսուլ քաղաքը, այնուհետև՝ հարձակվել Տիկրիտի վրա:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ գրոհայինները վերահսկում են Սադամ Հուսեյնի հարազատ քաղաքի` Տիկրիտի որոշ շրջաններ:
Տեղեկություններ կան նաև Բաղդադից 125 կմ հեռավորության վրա գտնվող Սամարրա քաղաքի շրջաններում ընթացող մարտերի մասին:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի օդուժը հարվածներ է հասցրել Մոսուլում և Տիկրիտում գրոհայինների դիրքերի վրա, տեղեկացնում է BBC-ին: