«Քաղաքական նոր մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ու ՀՀ՝ Մաքսային միությանն անդամակցությանը:
Նամակում Ա. Զախարյանը ևս մեկ անգամ հիշեցրել է` Արցախի անկախությունը կայացած փաստ է: Երկրորդ` հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կառուցվեն Ալիևի նամակների հիման վրա:
«Ես խորհուրդ եմ տվել Պուտինին Հայաստանը դեռ չմտցնել Մաքսային միություն»,- ասաց Զախարյանը:
Ինչ վերաբերում է ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, թե ռուսերենը Հայաստանում հետընթաց է ապրում, որի վառ ապացույցը, ըստ Կիսիլյովի, այն է, որ հայ երիտասարդ տաքսիստը չի կարողանում ռուսերեն հաշվել, Անի Զախարյանն այսպես արձագանքեց. «Լուրջ չէ, երբ տաքսիստների մակարդակով է չափվում հայ-ռուսական հարաբերությունները: Պրն Կիսելյով, ռուս բժիշկները, տաքսիստները կարո՞ղ են գոնե մեկ հայերեն նախադասություն ասել` հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է»:
Կուսակցության ղեկավարը նաև հայտարարեց, որ պատրաստ է հավասարը հավասարի հետ նստել Պուտինի հետ և զրուցել նրա հետ: