Խորհրդարանի արած ամեն քայլը միայն սկանդալի պարագայում ենք իմանում. Ա. Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ավարտվեցին Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի աշխատանքները: Armlur.am-ն արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից կփորձի ճշտել, թե ինչ  ազդեցություն ունեցան խորհրդարանի աշխատանքները հանրության վրա:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որպես միակ դրական հանգամանք կարող է նշել վարչապետի փոփոխությունը:

«Ես կարծում եմ՝ միակ բանը, որ եղավ, այնն էր, որ իշխանությունը դիմափոխվեց, բայց չեմ կարծում, որ դա մեր կյանքում ինչ-որ մի բան փոխելու է, չեմ էլ կարծում, որ ապագայում էլ փոխելու է, որովհետև սոցիալ-տնտեսական վիճակն էլ է այդպիսին», – նշեց նա:

Կարապետյանն ընդգծեց, որ հետևել է խորհրդարանի աշխատանքներին, բայց դրական ձեռքբերումներ չի տեսել:

«Մեր խորհրդարանն ընդհանրապես հիմա այն վիճակի մեջ է, որ յուրաքանչյուր արված քայլ միայն սկանդալի պարագայում ենք իմանում. ինչ-որ մեկը պետք է ելույթ ունենա, կամ Կիսելյովը պետք է գա, սկանդալ լինի, որ իմանանք, թե խորհրդարանն ինչ-որ բան է քննարկում, կամ վարչապետ պետք է փոխվի: Այսինքն` օրենսդիր, համակարգային բան չենք տեսնում», – ընդգծեց նա:

Նրա խոսքով` հիմա ամեն ինչ այնպես է ստեղծված, որ  ամեն ինչ կախված է իշխանությունների քայլերից:

«Տիգրան Սարգսյանին էին ուզում փոխեին, միտինգ անեին, քաղաքական պրոցես տանեին: Սերժ Սարգսյանը փոխեց Հովիկ Աբրահամյանով` 12 կետ եկավ: Այսինքն` այստեղ քաղաքական բաղադրիչ ընդհանրապես չկա», – եզրափակեց նա՝ հավելելով, որ ոչ մի դրական բան չի կարող նշել:




Լրահոս