ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա բյուջետային ուղերձում կոչ է արել 19 տոկոսով կրճատել հաջորդ տարի Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնությունը: Այս տարի ԱՄՆ կողմից ՀՀ-ի տնտեսական աջակցության հիմնադրամին հատկացվելիք գումարը կազմում է 40 միլիոն դոլար, եւ եթե բյուջետային քննարկումների ժամանակ կոնգրեսականներին չհաջողվի փոփոխել Օբամայի առաջարկը, ապա 2013 թ-ին մեր երկիրն ԱՄՆ-ից կստանա ընդամենը 27.219 հազար դոլար: Թեեւ վերջին տարիների ընթացքում սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը հանդես է գալիս ՀՀ-ին հատկացվելիք դրամական աջակցության կրճատման կոչով, այս անգամ Օբամայի առաջարկը որոշակի քաղաքական շեշտադրում է ձեռք բերում` հաշվի առնելով այն, որ նույն ուղերձում ԱՄՆ նախագահն առաջարկում է լրացուցիչ 3,6 միլիոն դոլար հատկացնել Թուրքիայում ռազմական կրթական ծրագրի իրականացման համար, քանի որ «Թուրքիան շարունակում է մեծ դեր կատարել իբրեւ համաշխարհային գործընկեր»: Ինչ խոսք, նշված գումարը զգալի չէ, սակայն այստեղ առավել կարեւոր է ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից Թուրքիային ուղղված ժեստը: Ընդ որում, Հայաստանին հատկացվելիք գումարի կրճատման կոչը եւս պետք է դիտարկել այդ համատեքստում: Իսկ Թուրքիային տարբեր ժեստեր անելու համար ԱՄՆ-ը մի քանի պատճառներ ունի, որոնցից առնվազն երկուսն անմիջականորեն առընչվում են նաեւ մեր պետության շահերին: Առաջինն ու առավել հրատապն, իհարկե, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն է, որի արդյունքում Միացյալ Նահանգներին «օդի ու ջրի պես» անհրաժեշտ է Թուրքիայի անմնացորդ աջակցությունը: Ինչպես ցույց տվեց Իրանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին օրերին ծայր առած դիվանագիտական սկանդալը` կապված իրանցի միջուկային գիտնականների սպանության հետ, առկա իրավիճակում իր հակաիրանյան ծրագրերի իրագործման համար ԱՄՆ-ը որոշակի դերակատարություն է վերապահում նաեւ Ադրբեջանին: Հետեւաբար, Հայաստանի համար ոչ այնքան հաճելի հայտարարություններ անելով` ԱՄՆ իշխանությունները ձեռքի հետ նաեւ Ադրբեջանի սիրտն են շահում: Երկրորդ պատճառը հարավկովկասյան տարածաշրջանում Ֆրանսիայի դերակատարության ակտիվացումն է: Եթե Ռուսաստանի դեպքում ԱՄՆ-ը ստիպված էր հանդուրժել ավանդական ազդեցության գործոնը, ապա Ֆրանսիայի դեպքում, բնականաբար, քայլեր էր անելու վերջինիս նկրտումները զրոյացնելու ուղղությամբ: Եւ պատահական չէր, որ Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հաջորդ իսկ օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շտապեց հայտարարել, որ ԱՄՆ-ը երբեք չի հետեւի Ֆրանսիայի օրինակին, հետեւաբար թուրքերը, նաեւ ադրբեջանցիները կարող են միանգամայն հանգիստ լինել: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանն ու Հայկական հարցը հերթական անգամ հայտնվել են գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, ինչից բխող վտանգներին դիմագրավելու համար, սակայն, մենք նախ եւ առաջ պետք է ունենանք լեգիտիմ եւ ժողովրդավար իշխանություններ:
ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ