Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, armlur.am-ի հետ զրույցում խոսելով քառյակի 12 կետանոց պահանջների մասին, դրանք համարեց կարևոր, բայց միաժամանակ ասաց, որ քաղաքական օրակարգ պահանջները համարել չի կարելի:
Ինչ վերաբերում է իշխանության կողմից այդ պահանջների կատարմանը, Արամ Սարգսյանը չի կարծում, որ դրանք նորություն են իշխանության համար: Եթե իշխանությունը չլուծի այդ հարցերը, այլ լեզվով պետք է խոսել: Ժամանակը ցույց կտա՝ արդյոք իշխանության հայտարարությունները համապատասխանում են նրանց քայլերին:
Եթե 12 կետանոց այդ պահանջները չկատարվեն, կպահանջեն Սերժ Սարգսյանի հրաժարականը: ՀԴԿ ղեկավարը կարծում է`այդ պահանջների չկատարման պատճառով չէ, որ պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Քառյակի այս քայլը համարում եմ մարտավարական: Նրանց բարձրացրած խնդիրները պետք է լուծեն իշխանությունները»,- ասաց պրն. Սարգսյանը:
«Քառյակի» պահանջները չընդունողները հիմնականում մի տեսակետ են առաջ քաշում` պետք է միանգամից պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ ներկայացրած պահանջներն ի հայտ են եկել այս իշխանության օրոք:
Արամ Սարգսյանը տեսակետին համամիտ չէ. «Հրաժարական պահանջելը վերացական պահանջ է, որովհետև, ասենք թե պահանջեցինք, հետո էլ իրենք չկատարեցին, ի՞նչ են անելու: Խնդիրը քաղաքական պայքարի ձևերի ու մեթոդների մեջ է: Կարծում ենք ` տարվա վերջին պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` հաշվի առնելով ներքին ու արտաքին խնդիրները»:
Սոնա Դավթյան