ՄՆԱՑ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՄՏՆԻ ԲՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր իր երեկվա համարում, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Իր տարածած հայտարարության մեջ այդ որոշումն Օսկանյանը մեկնաբանել է այսպես. «Համոզված եմ, որ ԲՀԿ-ն, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, հետեւաբար նաեւ նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ։ Լինելով «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով ես պարբերաբար արտահայտել եմ իմ տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների եւ զարգացումների վերաբերյալ։ Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին»:
ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ հենց ԲՀԿ-ին անդամագրվելու ցանկությունն ամենեւին էլ պատահական չէ. հիմնադրման առաջին իսկ օրվանից ԲՀԿ-ն համարվել է Ռոբերտ Քոչարյանի ստեղծած քաղաքական ուժը: Եւ Քոչարյանի ամենահավատարիմ թիմակիցներից Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելը հենց այս տրամաբանության շրջանակներում է: Ընդ որում, դժվար չէ ենթադրել՝ ԲՀԿ-ին անդամակցելու դիմումն Օսկանյանը ներկայացրել է եթե ոչ Քոչարյանի ցուցումով, ապա առնվազն նրա գիտությամբ: Սակայն այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք. վերջին շըրջանում ԲՀԿ-ն կարծես թե ամեն ինչ անում էր՝ ձերբազատվելու Քոչարյանի ստվերից, հանդես գալու որպես իրապես ինքնուրույն քաղաքական ուժ: Բայց հիմա, երբ Քոչարյանի թիմակիցը հայտնվում է ԲՀԿ-ում, նույնիսկ խոսակցություններ կան, որ զբաղեցնելու է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը, ԲՀԿ-ի վերաբերյալ կարծիքներն ու գնահատականները միանգամից փոխվում են:
Այսպիսով` հարկավոր է արձանագրել, որ ԲՀԿ-ն ոչ միայն չսահմանազատվեց Քոչարյանից, այլեւ իր շարքերն է ընդգըրկում մի անձնավորության, որի անունն ասոցացվում է 2008թ. մարտի 1-ի հետ: Ի վերջո, դժվար թե որեւէ մեկը մոռանա՝ ինչպես էր մարտի 1-ի առավոտյան ԱԳ նախարարը, թողած արտաքին քաղաքական հարցերը, հեռուստատեսությամբ խոսում երկրում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության մասին: Այնպես որ, մարտի 1-ի պատասխանատուներից մեկին իր կուսակցության շարքերն ընդգրկելով` ԲՀԿ-ն եւս հայտնվում է այդ օրը թափված արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգի առաջ:
«Այդ մարդիկ քանի՞ տարի պետք է ապրեն, որ հասունանան եւ որոշեն՝ որ քաղաքական հոսանքի կրող են իրենք: Վարչապետը 50 տարեկանում որոշեց անդամագրվել ՀՀԿ-ին, Օսկանյանը 60-ում` ԲՀԿ-ին: Հետաքրքիր է՝ մինչ այդ, գաղափարական, կուսակցական այդ բանը կա՞ր նրանց մեջ, թե՞ չկար: Մի՞թե այդքան ուշ են հասունանում այդ մարդիկ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ սրանով Օսկանյանն ապացուցեց՝ ինքը գործիք է, տիկնիկ, որին խաղացնում են:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը հիշեցրեց, որ սկզբում խոսվում էր՝ Օսկանյանը ցանկանում է իր կուսակցությունը ստեղծել: «Հետո հասկացան, որ անիմաստ է կուսակցություն ստեղծելը, հիմա դիմում է ներկայացրել ԲՀԿ-ին: Օսկանյանը դիմում կարող է ներկայացնել, բայց ես կզարմանամ, եթե ԲՀԿ-ն ընդունի նրան: Եթե ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում ցանկանում է որոշակի հաջողություններ ունենալ, պետք է մինչ այդ հայտարարությամբ հանդես գա եւ հասարակությանն ապացուցի, որ Քոչարյանի հետ որեւէ առնչություն չունի: Եթե ԲՀԿ-ն դա չարեց, ապա առաջիկա ընտրություններում վտանգի տակ է դնում իր վարկանիշը: Այսօր ում անունը կապվում է Քոչարյանի հետ, հասարակության կողմից մերժվում է: Միգուցե Օսկանյանը հետո հայտարարի, թե տարանջատվել է Քոչարյանից, բայց որեւէ մեկը դրան չի հավատա: ԲՀԿ-ն, մինչեւ Օսկանյանի անդամակցությունը, լուրջ խնդիրներ ուներ, հիմա արդեն նրա խընդիրները բազմապատկվեցին»,-նշեց պարոն Այվազյանը՝ հավելելով, որ այս ամենը ԲՀԿ-ի ներքին գործն է, եւ իրենք են որոշում իրենց անելիքները:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ կարծես թե «խանդավառված չէր» Օսկանյանի քայլով: Ըստ նրա՝ սրանով կշահի ոչ թե ԲՀԿ-ն, այլ անձամբ Օսկանյանը: «Կարծում եմ՝ սրանով Օսկանյանի քաղաքական կշիռը կավելանա: ԲՀԿ-ն իր դերակատարումն ունի քաղաքական դաշտում, ինչն էլ կնպաստի, որ Օսկանյանը քաղաքականության մեջ ակնհայտ անելիքներ ունենա»,-ասաց Սահակյանը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը, սակայն, չի կիսում այն տեսակետը, որ Օսկանյանը Քոչարյանի մերձավոր շրջապատից է, իսկ ԲՀԿ-ն՝ քոչարյանամերձ ուժ: «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ ստեղծման ու այսօրվա գործունեության հետ չունի որեւէ կապ»,-ասաց նա: Հայտարարելով, որ իրենք ողջունում են Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամագրվելու որոշումը` Գալստյանը նշեց. «Օսկանյանն ունի լուրջ քաղաքական կենսագրություն եւ պետական տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել մինչեւ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածը»: Ինչ վերաբերում է Օսկանյանի՝ մարտի 1-ի հետ առնչությանը, Գալստյանն ասաց, թե այդ օրերին նա ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցրել. «Մարտի 1-ի հետ առնչվում է ողջ հայ ժողովրդի անունը»: Մնում է՝ ԲՀԿ-ն կարողանա այս ամենը համոզել ժողովրդին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս