Իմ սերը վերադարձնում են հանդիսատեսիս. Արսեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, կոմպոզիտոր Արսեն Գրիգորյանը հունիսի 22-ին` իր ծննդյան նախօրեին, հանդես է գալու «Սիրո վերադարձ» խորագրով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ իր վերջին համերգը եղել է 2009-ին:

Համերգի ընթացքում կհնչեն երգչի հիթերից, ինչպես նաեւ բազմաթիվ նոր երգեր, որոնք հանդիսատեսը կլսի առաջին անգամ: Արսեն Գրիգորյանը զուգերգով հանդես կգա Հասմիկ Կարապետյանի, Արմինկայի եւ Զարուհի Բաբայանի հետ, կլինեն նաեւ անակնկալներ: Իսկ թե ինչու է համերգը կոչվում «Սիրո վերադարձ», երգիչը պարզաբանում է. «Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, չորս տարի լռելուց հետո վերադառնում եմ իմ սերը իմ հանդիսատեսին վերադարձնելու համար»:

-Արսեն, տեւական ժամանակ լռում էիք, եւ, կարելի է ասել, հայկական երգարվեստին հետեւում էիք դիտորդի կարգավիճակով: Ձեր դիտարկմամբ` վերջին տարիներին ի՞նչ է փոխվել հայկական երգի ասպարեզում, ինչ դրական ու բացասական միտումներ եք նկատում:

-Ես չեմ ուզում բացասականի մասին խոսել, քանի որ բացասական բաներ չեմ սիրում: Ես ուղղակի կասեմ, որ որպես երգիչ ու կոմպոզիտոր շատ եմ առաջ գնացել, շատ բաներ եմ սովորել: Առաջ են եկել մարդիկ, ովքեր այսօր աստղեր են, իսկ այն ժամանակ դեռ չէին երեւում: Մարդիկ սկսել են սերիալներ նայել, որ բթանան: Սկսել են վատ երգեր երգել, բայց, ինչո ոչ, լավի կողքին պետք է վատն էլ լինի, որ մարդիկ վատը լավից զանազանեն:

-Հայկական երգարվեստի ամենակարեւոր խնդիրը ո՞րն եք համարում:

-Ես կցանկանայի, որ մեր քաղաքացիները լավ համերգների գնան, լավ երաժշտություն լսեն, այլ ոչ թե մասնակցեն այնպիսի համերգների, որ իրենք էլ չհասկանան` ինչպես են այդտեղ հայտնվել:

-Ձեր կարծիքով` ո՞վ է ունկնդրում Ձեր կատարումները, ո՞վ է Ձեր հանդիսատեսը:

-Իմ հանդիսատեսը խորը երաժշտություն լսող հասարակ քաղաքացին է, ով ստանում է 40-200 հազար դրամ աշխատավարձ եւ հեռուստացույցի առջեւ նստած մտածում է` ինչպես անել, որ ներկա լինի իմ համերգին:

-Ձեզ ավելի շատ երգի՞չ, թե՞ կոմպոզիտոր եք համարում:

-Գիտեք, երկուսն էլ: Մեկը մյուսին չի խանգարում:

Ձեր գործընկերները մի կարեւոր խնդիր են բարձրացնում` շուկա-արվեստ հավասարակշռությունը խախտված է, պետք է այդ բալանսը վերականգնել: Ըստ Ձեզ` դա ինչպե՞ս է հնարավոր անել:

-Ոչ մի ուղի չկա դրա համար, քանի որ, եթե ներկայացվում է մի բան, որն ինձ դուր չի գալիս, բայց ես, օրինակ, հեռուստաընկերության տնօրեն եմ, պետք է ձեզ սիրելով դա տամ եթեր, ապա ամեն ինչ խառնվում է իրար` ռեստորանը գալիս է հեռուստաեթեր, հեռուստաեթերն էլ գնում է չգիտեմ թե ուր: Ու այդպես էլ ոչ ոք չի հասկանա` շուկան որն է, արվեստը` որը:

-Այդ դեպքում ինչպե՞ս դաստիարակել կիրթ հասարակություն:

-Ոչ մի ձեւով: Ես անգամ ուղի չեմ էլ փորձում ման գալ: Կիրթ հասարակության մեծ մասը գնացել է, կեսն էլ մնացել է Հայաստանում:

Սոնա Դավթյան

 




Լրահոս