Պետական միջոցները յուրացնելու մեջ մեղադրվող ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի եւ նրան օժանդակողների դատավարությունը գնալով ավելի անհետաքրքիր ու վատ «սարքված» գործի տպավորություն է թողնում:
Չնայած դրան` գործի հասարակական հնչեղությունն այնքան մեծ է, որ դատական նիստերն անցնում են լեփ-լեցուն դահլիճում. լրագրողները համաձայնում են դատական նիստը լուսաբանել` թեկուզ դահլիճի գետնին նստած: Ընդ որում, առանձնապես ակտիվ են հեռուստաընկերությունները. մի բան, որ չես ասի այլ աղմկահարույց գործերի դեպքում: Իսկ դատավարությանը հետեւողների հիմնական մասը հենց ոստիկանության համակարգի նախկին եւ ներկա աշխատակիցներ են, որոնց առավելապես հետաքըրքրում է, թե որքանով է մեղավոր Մարգար Օհանյանը, ամբաստանյալներից ով ինչ դերակատարություն է ունեցել յուրացման գործում, եւ ով ում գլխին, ում միջոցով է ուզում սարքել կամ չսարքել:
Թվում էր, թե դատաքննությունը հետաքրքիր կդառնա ամբաստանյալների հարցաքննության ժամանակ, սակայն օժանդակողների մասով այդ հույսերը չարդարացան: Նրանք կարծես ուզում են պաշտպանվել, սակայն չեն կողմնորոշվում, թե ինչպես անել, որ հա’մ դատարանում «գետինը չմտնեն» իրենց ճանաչողների մոտ, հա’մ էլ չդատվեն սուտ ցուցմունք տալու համար:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր` ամբաստանյալ Սամվել Մախմուրյանի` ցուցմունք տալուն պատրաստ չլինելու եւ հանրային պաշտպան պահանջելու պատճառով: Երեկ հանրային պաշտպան Վարդան Գրիգորյանը ներկայացել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` իր առաքելությունը կատարելու, սակայն Մախմուրյանը փոշմանել էր. նա հրաժարվեց ե’ւ փաստաբանից, ե’ւ ցուցմունք տալուց: Պնդեց իր նախաքննական ցուցմունքները: Դրանք 4-ն էին, որոնցում հստակ չէին թե’ անունները, թե’ վառելիքի չափաքանակները:
Ըստ ցուցմունքներից մեկի` ինքը` Մախմուրյանը, բենզինի կտրոնները հանձնել է իր ղեկավար, ամբաստանյալ Արա Լեւոնյանին եւ 16 հազար լիտր ավելի է գրել համապատասխան փաստաթղթերում (յուրաքանչյուր ամիս` 2000լ ավելի): Մախմուրյանը նաեւ նշել է, որ այդ ամենի մասին տեղեկացրել է Երեւանի ՃՈ պետեր Արսեն Արշակյանին ու Արսեն Մարդոյանին: Վերջիններս էլ ասել են` ինչպես հանձնարարել են, այնպես էլ գրի: Այդպես սկզբից այլ անուններ տալով` Մախմուրյանը միայն 4-րդ ցուցմունքում է հիշատակել Մարգար Օհանյանի անունը` նշելով, թե նա տեղյակ է եղել:
Մախմուրյանից հետո պետք է ցուցմունք տար նրա` տնտեսական մասով ղեկավարը` Արա Լեւոնյանը, սակայն նա էլ պնդեց իր նախաքննական ցուցմունքը: Համաձայն այդ ցուցմունքներից առաջինի` Արա Լեւոնյանն ամբաստանյալ Ստեփան Կարախանյանին տվել է այնքան բենզին, որքան գրված է եղել հաշվետվության մեջ: Երկրորդ ցուցմունքով, սակայն, Լեւոնյանը հերքել է իր առաջին ցուցմունքը եւ նշել, որ պակաս է տվել Կարախանյանին, ինչն արել է Մարգար Օհանյանի հրահանգով. «Ինձ կանչեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը եւ ասաց, որ պետք է ամեն ամիս բենզինի չափաքանակից 1800 լիտր բենզինի կտրոն պակաս տաս առաջին գումարտակին, 2800 լիտր պետք է պակաս տաս երկրորդ սպայական գումարտակին»: Երկրորդ ցուցմունքում Լեւոնյանը նշել է, որ պակաս է տվել 119 հազար լիտր բենզին, 3-րդ ցուցմունքում` 493 հազար լիտր, իսկ 4-րդ ցուցմունքում արդեն այդ թիվը դարձել է 577, 4 հազար լիտր: Եւ քանի որ վերոնշյալ երկու ամբաստանյալները հրաժարվեցին պատասխանել կողմերի հարցերին, հետաքրքիր է, թե դատարանն այդ ցուցմունքներից որն է հիմք ընդունելու դատավճիռ կայացնելիս:
Նշենք, որ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ամբաստանյալ Ստեփան Կարախանյանը եւս հրաժարվեց ցուցմունք տալուց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 20-ին. այդ օրը ցուցմունք կտա Մարգար Օհանյանը:
ՀԱՋՈՐԴ ՆԻՍՏՈՒՄ ՄԱՐԳԱՐ ՕՀԱՆՅԱՆԸ ԿԽՈՍԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ