ՍՏԻՊԵԼ ԵՆ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ ԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Աջափնյակի եւ Դավիթաշենի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր նախկին քաղբանտարկյալ Ֆելիքս Գեւորգյանի դատավարությունը: Վերջինիս այժմ էլ մեղադրում են մի շարք վայրերից հափշտակություն կատարելու մեջ: Սակայն զավեշտն այն է, որ մեղադրողները դատարանում ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել, թե Ֆելիքս Գեւորգյանն ինչպես է կարողացել մուտք գործել իրենց սեփական տարածքներ եւ այնպիսի իրեր գողանալ, որոնք  հնարավոր չէ մեկ հոգով դուրս հանել:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Գեւորգյանն անազատության մեջ էր հայտնվել 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում` դատապարտվելով 7 տարվա ազատազրկման: 33-ամյա երիտասարդը մեղադրվում էր ապօրինի զենք հափշտակելու եւ պահելու մեջ: Գեւորգյանը համաներումով ազատվել էր, սակայն նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումները շարունակվում են մինչեւ այսօր: Նա ապրում է Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ հետապնդումները շարունակվում են, քրեական գործ է հարուցվում: Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ նա մեղադրվում է 2011թ. մարտ ամսից մինչեւ հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում թվով չորս գողություն կատարելու մեջ: Նրա հայրը` Պետրոս Գեւորգյանը,  «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը  Աջափնյակ համայնքի ՀԱԿ գրասենյակի ղեկավարն է, ինչի համար էլ իր որդուց այս կերպ փորձում են վրեժխնդիր լինել. «2011 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան է դեպքը տեղի ունեցել, ոստիկանությունը գնացել է Զովունի եւ իմ որդուն բռնի ուժով տարել բաժին, մենք տեղյակ չենք եղել, հետո 29-ին նոր զանգահարել ասել են»:
Ֆելիքսին տարել են ոստիկանության բաժին եւ հայտնել, որ նա մի շարք վայրերից պոմպակայան է գողացել, բացի այդ, մարտ ամսին կոտրել է «Ալիխանյան եղբայրներ» արտադրամասի պատուհանները եւ այնտեղից գողացել էլեկտրական շարժիչ: «Էդ շարժիչները չեք պատկերացնում, մոտ 50 կգ է, դա անգամ քանդել չի լինում, այն էլ քանդել ու մենակ այնտեղից տանել, դա ընդհանրապես հնարավոր չէ, ասում էն «Արաքս» գործարանից կաբել է գողացել` 500 մետր, այսինքն` ինքը մենակ մեկ տոննա կարողացել է կաբե՞լ գողանալ»:
Երեկ` դատավարության ժամանակ, քրեական գործով տուժողի ներկայացուցիչ Սամվել Սարգսյանը չէր կարողանում կոնկրետ պատասխանել  մեղադրյալի  փաստաբան Ստեփան Ոսկանյանի ու դատավոր Դավիթ Բալայանի հարցերին: Վերջինս տարբեր կերպ էր  նկարագրում, թե ինչպես են տեղեկացել, որ իրենց «Ալիխանյան եղբայրներ»-ի արտադրամասից Գեւորգյանն էլեկտրական շարժիչ է գողացել:
Նա մեկ նշում էր, որ ոստիկանությունից են տեղեկացել, որ իրենց արտադրամասում գողություն է կատարվել, մեկ ասում էր, թե նկատել են ոտնահետքեր արտադրամասի տարածքում եւ այլն:
Հիշեցնենք նաեւ, որ Ֆելիքս Գեւորգյանն իր ցուցմունքում գրել էր, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները ծեծուջարդով փորձել են ստիպել, որ «խոստովանի», թե 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տասը զոհերից մեկին ինքն է սպանել: Դրանից հետո 2011թ. սեպտեմբերի 29-ի առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Գեւորգյանը եւ նրա տեղակալ Արկադիկ Սահակյանը գնացել են Ֆելիքս Գեւորգյանի` Զովունիում գտնվող բնակարանը եւ ներխուժելով ծեծել նրան ու բերման ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:
Այստեղի աշխատակիցները, ըստ Գեւորգյանի, խոշտանգելով ստիպել են մի շարք գողությունների վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք տալ:  Արդյունքում Գեւորգյանը համաձայնել է մի քանի գողությունների պատասխանատվությունը ստանձնել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 1-ին մասով եւ 2-րդ մասի 3-րդ կետով. այս մեղադրանքը նախատեսում է մինչեւ վեց տարի ազատազրկում: Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր երկամսյա կալանքը, եւ այժմ նա պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Գեւորգյանը նշել է նաեւ, որ ոստիկանները գողություններն իրեն վերագրելու նպատակով մահակով եւ ոտքերով հարվածել են իր ոտնաթաթերին, իսկ երբ տեսել են, որ դա էլ արդյունք չի տալիս, շիկացած երկաթով այրել են ոտնաթաթերը:  Որոշվեց, որ հաջորդ դատական նիստին հարցաքննվելու է մեղադրյալ Ֆելիքս Գեւորգյանը: Նիստը նշանակվել է փետրվարի 27-ին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս