ԵՐԱԶԱՆՔԸ ԵՐԵՎԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երջանիկ մարդ է Գալուստ Սահակյանը եւ երջանիկ ծնող: Մոտ 20 տարի աշխատելով կրթական ոլորտում, մետաքսի գործարանի բանվորից հասնելով դպրոցի փոխտնօրենի, ապա նաեւ տնօրենի պաշտոններին` 1991-ից եղել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, իսկ 1995-ից մինչ օրս` ուղիղ տասնյոթ տարի, հարկատուների հաշվին իր երջանիկ օրերն է անցկացնում Ազգային Ժողովում, ունեցվածքը բազմապատկում եւ զավակներին բարձր պաշտոնների տեղավորում: Երբեք այնպիսի ցայտուն քայլերի չի դիմում, որ աչքի ընկնի, սկսեն հետաքրքրվել իր ունեցվածքով: Դե, լրագրողները հայտարարում են, թե գծատեր է: Է՛հ, թող միայն գծատեր հիշատակվի: Ի~նչ վատ բան կա դրա մեջ, մարդկանց է տեղափոխում, մայրաքաղաքի երթեւեկությունն է կազմակերպում: Ասում են` խանութների շարք ունի: Է՛հ, թող ասեն: Ի~նչ վատ բան է անում, որ խանութների շարք է պահում: Մարդկանց «կուլտուրական» սպասարկում է մատուցում: Ասում են` որդիներին «տաքուկ» տեղերում է տեղավորել: Է՛հ, թող ասեն, ինքը` որպես ծնող, պարտավոր էր ամեն ինչ անել իր զավակների համար` մեկին փոխնախարար դարձնել, մյուսին էլ նշանակել տար Պետական գույքի կառավարման վարչության պետ:
Գալուստ Գրիգորիչն, իհարկե, հատկապես Արման որդու համար շատ է չարչարվել, բայց կարծես թե նրա երազանքը դառնում է իրականություն. մեր տեղեկություններով` օրերս երկրի նախագահի ներկայությամբ քննարկվել է ապագա կառավարության հարցը, ու Գալուստ Գրիգորիչն էլ, հայրական սերը չթաքցնելով, նախագահին հիշեցրել է, որ չմոռանա մշակույթի նախարարի հարցը` հուշելով, որ այդ պաշտոնում ամենալավ թեկնածուն իր որդին է` Արմանը: Նախագահն էլ ժպտացել ու գլխով հավանության նշան է արել: Արման Սահակյանն, ուրեմն, կարող է կամաց-կամաց իրերը հավաքել պետական գույքի կառավարման վարչությունից, որը, շատ եկամտաբեր պաշտոն լինելով, համենայնդեպս, «շառի բույն» է. հազար աչք է նայում: Իսկ մշակույթի նախարարի պաշտոնն ավելի բարձր է, կառավարության անդամ է, առավել մեծ ֆինանսական հոսքեր կան այստեղ, արտասահմանյան ուղեւորություններ, կառավարման ու ազդեցությունների ավելի լայն դաշտ եւ այլն… Եթե ոչինչ էլ չլինի, Թեղուտի խնդիրը կա: Արման Սահակյանն էլ ձեւ կանի, թե դեմ է պատմական ու մշակութային հուշարձանների ավերմանը, Մանստեւի վանքի տեղափոխմանը Շնող, «Վալեքս» ընկերությունների խումբն այս նախարարին էլ «բարի աչքով» կնայի, ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես արդեն ամրագրված է կառավարության որոշման մեջ:
Մշակութային դաշտում էլ մի քիչ կխաղաղվեն, կմտածեն, որ Արմանն, այնուամենայնիվ, «իրենց երամից» է, մարդը 1995թ-ին ավարտել է  Երեւանի թատերական արվեստի պետական ինստիտուտը, ապա աշխատանքի է անցել «Հրազդան» մարզահամալիրում որպես մարզաթատերական միջոցառումների սեկտորի վարիչ: Դե էլ որտե՞ղ պիտի աշխատեր, եթե ոչ հարազատ քեռուն պատկանող «Հրազդան»-ում, ուր 1995-ից մինչեւ այսօր ընդամենը մեկ համերգային միջոցառում է տեղի ունեցել` Ալլա Պուգաչովայի եւ Ֆիլիպ Կիրկորովի համերգը: Մարզաթատերական միջոցառումների մասին խոսք լինել չի կարող. դրանք չեն եղել, բայց քեռի Աշոտ Աղաբաբյանն իր զարմիկին վարիչի պաշտոն է տվել ու աշխատավարձ վճարել: Ի տարբերություն շատ պետական պաշտոնյաների` Արման Սահակյանը բանակում էլ է ծառայել: Ճիշտ է, ընդամենը մեկ տարի, բայց կարեւորն այն է, որ ծառայել է: Ծառայությունից հետո էլ աշխատանքի է անցել «Դար 21» հեռուստաընկերությունում` որպես «Արդինի» ստուդիայի տնօրեն: Չնայած տնօրեն բառն այստեղ չափազանց հնչեղ է, քանի որ Արման Սահակյանն ընդամենը երկու ենթակա ուներ, իսկ այդ ստուդիա կոչվածն էլ ընդամենը մի փոքրիկ սենյակ էր: Սակայն Գալուստ Գրիգորիչն այդ ժամանակ արդեն ԱԺ պատգամավոր էր, հետեւաբար որդին պիտի հնչեղ պաշտոն ունենար, որպեսզի Գրիգորիչի իմիջի վրա չազդեր: Ինչեւէ, մեկ տարի այստեղ աշխատելուց հետո Արմանը  հոգնել է, իսկ քեռին էլ որոշել է հերթական պաշտոնը նվիրել: Մի քանի ամիս Արման Սահակյանն աշխատել է «Հրազդան» մարզաթատերական համալիրի ՎՁ ՊՓԲԸ-ում որպես հետազոտական բաժնի վարիչ: Այս պաշտոնը, իհարկե, փռթկացնելու ցանկություն է առաջացնում, քանի որ այդ չեղած համալիրը, որն ընդամենը տոնավաճառային շարք էր, ի~նչ հետազոտական բաժին պիտի ունենար, ի~նչ պիտի հետազոտեր: Ըստ էության, նա հետեւել է քեռու փողերի հավաքմանը, վաճառասեղանների եւ մեքենաների կանգառների վարձերի ստացմանը, մեկ-մեկ էլ հաշվարկել է օգուտները: Ուրիշ ոչինչ: Սրանից հետո քեռին որոշել է զարմիկի պաշտոնը բարձրացնել եւ նրան նշանակել է համալիրի փոխտնօրեն: Այսինքն` դարձյալ վճարվող, բայց աշխատանք չպահանջող պաշտոն:
1999-ին, երբ արդեն Ազգային Ժողովում Գալուստ Գրիգորիչի ձայնը սկսել էր բարձր հնչել, Արմանը տեղափոխվել է իր կյանքում առաջին պետական աշխատանքին եւ նշանակվել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն: Չկարծեք, թե սա շա~տ բարձր պաշտոն էր: Ո՛չ: Նա փոխտնօրեններից մեկն էր, ով զբաղվում էր ընդամենը նեղլիկ տնտեսական հարցերով: Այս տարիներին էլ, գիտենք, թատրոնը գրեթե չէր գործում, ապրում էր իր ծանր օրերը: Մոտ երկու տարի այստեղ գտնվելուց հետո Գալուստ Գրիգորիչը որդուն նշանակել է տվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ: Ա~յ, սա արդեն թռիչք էր, սա արդեն գործ էր… 2001-2004թթ.-ին զբաղեցնելով այս բարձր պաշտոնը` Արման Սահակյանը ոչինչ չարեց մայրաքաղաքի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության համար: Վարչությանը պատկանող թատրոնների տնօրեններն ամիսներով տեսակցություն էին խնդրում եւ մերժվում: Թատերական կրթություն ստացած Արման Սահակյանը որեւէ թատրոն ոտք չդրեց, որեւէ ներկայացում չդիտեց: Նա միայն զբաղվում էր երաժշտական եւ արվեստի դպրոցներում կադրային փոփոխություններով` բնականաբար միջոցներ հայթայթելով ընտանեկան բիզնեսի բարգավաճման համար: Մեծ խանդավառություն էր հանդես բերում միայն «Էրեբունի-Երեւան» միջոցառումների կազմակերպման ու Հանրապետության հրապարակում տոնածառի  զարդարման հարցերում: Բոլորս ենք հիշում այդ տարիների թշվառ տոնածառերը, խըղճուկ զարդարանքը, սակայն ֆինանսական փաստաթղթերը բավական «սոլիդ» ծախսերի մասին են վկայում…
2004-ին Գալուստ Գրիգորիչն ամեն ինչ արեց, որպեսզի որդին Աջափնյակի թաղապետ դառնա: Գիտենք, թե այստեղ ինչեր կարող էին անել Սահակյանների եւ Աղաբաբյանների ընտանիքները, ինչ նոր խանութաշարքեր կարող էին ձեւավորել, ինչ տարածքներ սեփականաշնորհել: Սակայն իշխանությունները որոշեցին չպաշտպանել Գալուստ Սահակյանի որդուն, որովհետեւ այլ շահեր կային: Զայրացավ Գալուստ Գրիգորիչը, հուզվեց, սակայն շտապեց իր ընկեր Անդրանիկ Մարգարյանի մոտ եւ «ձիու քայլ» կազմակերպեց` որդուն նշանակել տալով Երեւանի փոխքաղաքապետ: Որեւէ երեւանցի եթե կարողանա հիշել այս ընթացքում փոխքաղաքապետի որեւէ հրապարակային ելույթ, որեւէ նախաձեռնություն, կատարված որեւէ աշխատանք, ապա նրան կարելի կլինի գրանցել Գինեսի գրքում: Արման Սահակյանն անաղմուկ ու սուսուփուս ելումուտ արեց քաղաքապետարանի դռնից, նստեց իր աշխատասենյակում եւ տանիք եղավ սեփական բիզնեսին: Դա էլ քիչ գործ չէր:
 2007-ին Գալուստ Սահակյանն իր հետ որդուն ԱԺ տարավ, որպեսզի ամենօրյա ուշադրության տակ պահելով` նրան հորդորի լինել ակտիվ, երեւալ ամենուրեք, որպեսզի ընտանեկան երազանքն իրականություն դառնա, եւ Արմանը նշանակվի մշակույթի նախարար: Տեսնելով, որ տակավին հնարավոր չէ ընտանեկան «մաքսիմում» ծրագիրն իրականացնել, Գալուստ Գրիգորիչն իր թատերական կրթությամբ որդուն նշանակել տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս