ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի քաղաքական էլիտայի շարքերում մշտապես իր ուրույն տեղն ունի ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Իհարկե, նա տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, բայց միշտ կարողացել է լավ լինել գործող նախագահների հետ: 63-ամյա Գագիկ Հարությունյանը իր կրթական տվյալներով, ինչ խոսք, գերազանցում է այսօրվա ռեժիմի էլիտան ներկայացնող շատ ու շատ գործիչներին ու պաշտոնյաներին: Նա գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Հետո սկսվել է նրա դասախոսական կարիերան, որը համատեղվելով կուսակցական գործունեության հետ, լուրջ հաջողությունների բերեց: Եւ դա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ Գագիկ Հարությունյանը ժամանակին թռավ գնացքից եւ հայտնվեց Գերագույն Խորհրդում` նախ պատգամավորի, ապա` ԳԽ նախագահի տեղակալի կարգավիճակով: Գագիկ Հարությունյանը իր բազմաբովանդակ կյանքում հասցրել է լինել նաեւ Հայաստանի Հանրապետության փոխնախագահ, ապա` վարչապետ: 1996թ. փետրվարի 6-ին նա ԱԺ-ի կողմից ընտրվեց  ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ: Եւ այս ընթացքում նա վայելում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անվերապահ վստահությունը: Սակայն Տեր-Պետրոսյանի հայտնի հրաժարականից հետո Գագիկ Հարությունյանն այնպես կարողացավ կազմակերպել իր կյանքը, որ վստահելի դարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար: Այդ վստահությունն ամրապնդվեց նաեւ  2003-ի նախագահական ընտրություններից հետո` վստահության հանրաքվեի մասին խայտառակ որոշմամբ: Ընդհանրապես պետք է նշել, որ Գագիկ Հարությունյանն իր կարգավիճակով թեեւ մշտապես ի զորու է եղել մեր երկիրը փրկել տարատեսակ խայտառակ ու ողբերգական իրավիճակներից, բայց գերադասել է իր աթոռի պահպանությունը, քան սեփական ժողովրդի բարեկեցությունն ու, վերջապես, իր հեղինակությունը: Հարությունյանը մշտապես բոլոր ժամանակներում կանգնել է իշխող վարչակազմի կողքին` որեւէ անգամ կամային հատկանիշներով աչքի չընկնելով: Եւ այսպես, Քոչարյանի օրոք բարգավաճելով, Գագիկ Հարությունյանը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը Սերժ Սարգսյանի օրոք: Նա այսօր համարվում է Սերժ Սարգսյանի ամենավստահելի մարդկանցից մեկը եւ ուղղակի ազդեցություն ունի նրա կայացրած որոշումների վրա: Իսկ ինչ վերաբերում է Հարությունյանի կենսակերպին, ապա չնայած ՀՀ վերահսկիչ պալատը ՍԴ-ում որեւէ ֆինանսական խախտում չէր հայտնաբերել, կամ էլ չէր ցանկացել, այնուամենայնիվ, Հարությունյանի որդին հասարակական վայրերում մշտապես աչքի է ընկնում իր արած շռայլ ծախսերով: Թե որտեղից են ծախսվում այդ գումարները, թերեւս պետք է ենթադրել` բիզնես, որը գրանցված է Աղվան Հովսեփյանի խոսքերով ասած` «պաշտոնյաների քեռու մարդու անունով»:Բացի այդ, Գագիկ Հարությունյանը գրեթե բոլոր բնագավառներում պաշտոնյա բարեկամներ ունի: Նրա հարազատ եղբայրը` Արզուման Հարությունյանը, ԱԱԾ պետի տեղակալն է, հարազատ փեսան` ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալն է, իսկ աներորդու տղային էլ  վերջերս հաջողությամբ պսակեցին Սերժ Սարգսյանի փոքր դստեր հետ: Նա իր երիտասարդ բարեկամներին դասավորելով տարբեր պաշտոններում, ձգտում է ապահով թոշակային կյանքի: Եւ  ամենայն հավանականությամբ` թոշակի կգնա իր սիրելի Սերժ Սարգսյանի հետ:Հ. Գ. Այսքանից հետո թվում էր, որ Գագիկ Հարությունյանը, լինելով երկրի «թիվ մեկ դատարանի» ղեկավարը, պետք է ապրեր օրենքի տառն ու ոգին պահելով, բայց նա «թքած ունի» անգամ համատարած գործող օրենքների վրա: Մեր երկրի Սահմանադրական դատարանի նախագահի մեքենան չունի պարտադիր ԱՊՊԱհովագրություն: Հուսով ենք, որ այս հրապարակումից հետո ՀՀ վարչապետը մի գրավոր հանձնարարական էլ Հարությունյանին կուղարկի (ինչի իրավունքը, թեեւ չունի), որպեսզի ԱՊՊԱ-ի «կապույտ» կտրոնը փակցնի մեքենայի աջ անկյունում: Իսկ թե ինչու Ճանապարհային ոստիկանները մինչ օրս չեն նկատել Հարությունյանի թույլ տված օրենքի խախտումը եւ չեն տուգանել նրան, ինչպես կանեին շարքային տաքսու կամ այլ մեքենայի վարորդի դեպքում, թերեւս պետք է հասկանալ. վախենում են, «մեգալկաներով» ուղեկցող ունի:ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ09 02 2011




Լրահոս