ԱՂՋԻԿՆԵՐԸ ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը մասնակցեց իր գործով դատական նիստին: Հիշեցնենք, որ նա վերջին երկու նիստերին բացակայում էր, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը նրա նկատմամբ սանկցիա էր կիրառել: Դատական նիստը շարունակվեց գործով որպես տուժող անցնող ոստիկան Հայկ Նաջարյանի հարցաքննությամբ:
Նախ մի քանի բառով հիշեցնենք գործի նախապատմությունը. 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով:  Հաջորդ օրն ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ եւ Վահագն Գեւորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու պայմանով: Անազատության մեջ էր մնացել միայն Տիգրան Առաքելյանը, որը հինգ ամսից ավել է,  ինչ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է գտնվում:
Երեկվա նիստի ժամանակ Սարգիս Գեւորգյանը հիշեցրեց, որ Նաջարյանն իր ցուցմունքում գրել է, որ ակտիվիստները հայհոյել են իրեն, եւ հարց ուղղեց, թե կոնկրետ ով է եղել հայհոյանքների հեղինակը: Նաջարյանը նշեց, որ ինքը Տիգրան Առաքելյանին ասել է` «հանգի’ստ մնա, դիմացդ ոստիկան է», ինչին Առաքելյանը պատասխանել է` «տո լավ է, դո՞ւ ես ոստիկան»: Հետո Նաջարյանը նշեց, որ իրեն քաշքշել է Դավիթ Քիրամիջյանը:
Նաջարյանը նշեց նաեւ, որ իրենք բերման են ենթարկել երիտասարդներին` համարելով դա իրավիճակի վերահսկում: Ոստիկանի խոսքով` դեպքի վայրում եղել են նաեւ աղջիկներ, որոնք խոչընդոտում էին իրենց աշխատանքը` փորձելով այնպես անել,  որ իրենք երիտասարդներին բերման չենթարկեն: Սարգիս Գեւորգյանի այն հարցին, թե այդ դեպքում ինչու աղջիկներն էլ բերման չեն եթարկվել, նա պատասխանեց. «Դե աղջիկներին որ ի՞նչ բերման ենթարկեինք»:
Տիգրան Առաքելյանը եւս հարցեր ուղղեց Նաջարյանին եւ հիշեցրեց, որ ակտիվիստների ու ոստիկանների միջեւ նման մի միջադեպ էլ եղել է 2010 թվականի մայիսին, որի ժամանակ բերման ենթարկվածներից ութն իգական սեռի ներկայացուցիչներ են եղել: Նաջարյանն այս անգամ եւս  զավեշտալի պատասխան տվեց. «Այն ժամանակ ուրիշ էր, հիմա` ուրիշ»:
Ոստիկանը հավելեց, որ դեպքի վայրում չի տեսել Արտակ Կարապետյանին, սակայն Առաքելյանը հիշեցրեց, որ հենց Նաջարյանն էր օգնում Կարապետյանին բարձրանալ, երբ վերջինիս հարվածում էին մյուս ոստիկանները: Վերջում ոստիկանին հարցեր ուղղեց նաեւ դատավոր Գագիկ Պողոսյանը: Նա Նաջարյանին հարցրեց, թե ով է իրեն հարվածել կամ հայհոյել, ոստիկանն ասաց, թե Տիգրան Առաքելյանն իրեն ասել է`  «տո լավ է, դո՞ւ ես ոստիկան»: Նաջարյանի խոսքով` Սարգիս Գեւորգյանն անձամբ իրեն չի հայհոյել, այլ հայհոյել է իրենց համակարգին, իսկ Քիրամիջյանը հարվածել է իր պարանոցի աջ հատվածին:
 Այնուհետեւ դատախազ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդեց դատարանին հրապարակել Հայկ Նաջարյանի նախաքննական ցուցմունքը` նշելով, որ դրանում եւ դատարանում տված ցուցմունքներում կան էական հակասություններ:
Պաշտպանական կողմն առարկեց` համարելով, որ տուժողի ցուցմունքներում էական հակասություններ չկան: Այնուամենայնիվ, դատավորը բավարարեց միջնորդությունը` նշելով, որ ցուցմունքը կհրապարակվի հաջորդ դատական նիստին, որը կկայանա փետրվարի 22-ին` ժամը 12:00-ին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս