Օրինաչափ է երեւի, որ հայաստանյան մամուլն աննշան ուշադրություն դարձրեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում փետրվարի 7-ին ծավալված բուռն իրադարձություններին: Դե, տեղի ունեցածը թաղային հեղինակությունների փոխանակած «հաճոյախոսություններ» չէին, որ լայնորեն լուսաբանվեին ու քննարկվեին, այլ գուցե թե հայկական իրականության համար սակավ հետաքրքիր դըրսեւորում` քաղաքակրթությունների բովանդակության մասին հայեցակարգորեն հակասական պատկերացումներից առաջացած լարվածություն: «Մեղավորը» Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, նախագահ Սարկոզիի թիմակից Կլոդ Գեանն է, որը փետրվարի 4-ին հայտարարել էր, թե աջ մեծամասնության կարծիքով` ոչ բոլոր քաղաքակրթություններն են, որ արժանի են միմյանց: Այսինքն` թեկուզեւ քողարկված, սակայն ըստ էության ընդգծվեց ու շեշտադրվեց քաղաքակրթական գերադասության եւ ստորադասության դրույթը:
Նրա հետագա բացատրություններն այն մասին, թե ինքը կոնկրետ մշակույթ եւ հանրապետական արժեհամակարգն ընդունող մահմեդական համաքաղաքացիներին նկատի չի ունեցել, ըստ էության, բովանդակային առումով ոչինչ չի փոխում: Տվյալ դեպքում կարեւոր է նկատի առնել հանգամանքը, որ սա Սարկոզիի թիմակցի կողմից թույլ տրված լեզվի սայթաքում չէր պարզապես, այլ մտածված, ծանրութեթեւ արված մոտեցման դրսեւորում: Նույն թեմայով վերջին ժամանակահատվածում նման շեշտադրումներ էլի են եղել. Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրեթե միաժամանակ հայտարարեցին, թե բազմամշակութայնության (multiculturalism) տեսությունը պրակտիկայում ձախողվել է:
Հետեւաբար, սա պետք է ընդունել ի գիտություն եւ հասկանալ, որ այս եւ այսօրինակ տենդենցները չեն շրջանցելու 19-րդ դարի երկրորդ կեսից պարբերաբար ակտուալացվող Հայկական հարցը, որն այս փուլում եվրոպական քաղաքական օրակարգում է հայտնվել ի դեմս ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենսդրական նախագծի: Այստեղ տեղին է անդրադառնալ ֆրանսիական նախաձեռնությանը` այն հիմքով, որ անկախ կարճաժամկետ կտրվածքով օրինագծի շուրջ տեղի ունենալիքից, հայկական խնդիրը վերադարձվում է եվրոպական քաղաքականության երկարաժամկետ քննարկումների օրակարգ եւ ժամանակ առ ժամանակ երեւան կհանվի տարբեր ձեւակերպումներով եւ առիթներով, տարբեր հարթակներում եւ փաթեթներում: Հայկական հարցը ներմուծվում է բազմամշակութայնության գաղափարախոսության մերժման գործիքակազմ` անհրաժեշտության դեպքում գործի դրվելու համար: Թե որտեղ, քաղաքական գործընթացի որ փուլում (ընտրություններից առաջ, քարոզչական ճնշումների տիրույթում, թե այլ առիթներով) կնախընտրեն այն օգտագործել, մեծ իմաստով առավելապես մարտավարական նշանակություն ունի նախաձեռնության հեղինակների համար:
Գիտակցված կամ ոչ, Հայկական հարցի ակտուալացման միտումը, ըստ երեւույթին, Հայաստանում կառաջացնի ինքնագոհ ու ինքնաքարոզիչ հեքիաթասացների ու կենացասացների փաղանգ. յուրաքանչյուր առիթը տեղը տեղին կանցկացվի «քարոզչաղացով», թեպետ անհրաժեշտ է ոչ այնքան դա, որքան հնարավորությունների կողքին նաեւ մարտահրավերները տեսնելը: Եվրոպական արդի քաղաքականության մեջ օրեցօր ավելի հստակորեն երեւակվող այս տենդենցը նույն «մոդեռն» կնիքով նոր մարտահարավեր է նաեւ Հայաստանի ու հայության համար, դիտարկելի ապագայում` առաջին հերթին ինտելեկտուալ հարթությունում:
19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագլխին հայության նյութական ու մտավոր պոտենցիալը չբավարարեց Հայկական հարցի ակտուալացումից բխող վտանգների դեմն առնել: 21-րդ դարում վտանգները չեն վերացել, դրանք պարզապես տրանսֆորմացվել են եւ նորովի են դրսեւորվում թե’ քաղաքակրթական, թե՛ քաղաքական, թե՛ ինֆորմացիոն, թե՛ մշակութային, թե՛ տնտեսական ու ռազմական ոլորտներում:
Ասել, թե նորադեմ մարտահրավերներն այսօր ավելի գիտակցված ու դիտարկված են, քան ժամանակի մարտահրավերները 100 տարի առաջ, կլինի չափազանցություն: Մտածել, թե կենսական եւ ինտելեկտուալ ներուժն այս անգամ էլ բավարար չէ, նույնպես կլինի մոլորություն: Հայությունն այսօր ունի պետություն, այն այլեւս փլուզվող կայսրությունների հպատակների հանրույթ չէ, իսկ պետությունը, ի տարբերություն հանրույթի, պարտավոր է ունենալ քաղաքական պլանավորում, ստրատեգիա եւ այն որակով իրականացնողներ: Միայն թե այս գործը քծնանքով իշխանության կողքին հայտնվածներով գլուխ չի գա: Ծավալվելիք խաղին եվրոպական միջավայրից տեղյակ ու գիտակ մասնակիցներով ներկայանալ է հարկավոր: Այս առումով Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները հնարավորություն են, ուստի գոնե այս անգամ մի’ վարվեք ինչպես միշտ:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ