ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՉՀԱՅՏԱՐԱՐԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 14-ին Իջեւանում կայացավ 2010թ. հուլիսի 27-ին Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի «Մեհրաբ» զորամասում լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Վաղարշապատի ոստիկանապետ, գնդապետ Խաչատրյանի տված տեղեկանքն այն մասին, որ Գայ գյուղի բնակիչ Արման Նավասարդյանն անկողնային հիվանդ է, ուստիեւ դատին  չի  կարող ներկայանալ, տեղեկանքին կցված էր  նաեւ նրա  հիվանդության էպիկրիզը:
Դրանից հետո ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը միջնորդեց դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկ հայտնել: Դատարանում հրապարակված միջնորդության մեջ Հ.Գեւորգյանը հայտարարեց, որ դատավորը կողմնակալ է, արդար դատաքննություն չի ապահովում, խոչընդոտում է քրեական գործի  համակողմանի քննությանը, եւ որ հրապարակելով Արման Նավասարդյանի նախաքննական ցուցմունքները` դատավորն ամբաստանյալներին զրկել է դատարանում  իրենց դեմ ցուցմունք տված վկային հարցեր տալու հնարավորությունից: Հ.Գեւորգյանի միջնորդությանը միացան նրա պաշտպանյալ Հակոբ Մանուկյանը, ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, նրա պաշտպան Լեւոն Պողոսյանը, ամբաստանյալ զինծառայողներ Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը, վերջիններիս պաշտպան Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, նրա ներկայացուցիչներ` փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Ի պատասխան` մեղադրող Հարություն Հարությունյանն ասաց, որ վկա Արման Նավասարդյանը նախորդ նիստերի ժամանակ դատարանում որպես վկա ցուցմունքներ է  տվել, պաշտպանները նրան հարցեր են ուղղել, բացի այդ, չեն սպառվել դատարանում նրան` որպես վկայի հարցեր տալու  հնարավորությունները: Միեւնույն ժամանակ մեղադրողն ընդունեց, որ դատարանում Ա. Նավասարդյանի  ցուցմունքները կրճատ են եղել, հակասական, որի պատճառն այն է, որ դեպքից տարիուկես է անցել: Այդպիսով` մեղադրողը դեմ էր դատավորի ինքնաբացարկին: Դատավոր Սամվել Մարդանյանն ինքնաբացարկի  միջնորդության վերաբերյալ որոշում կայացելու համար հեռացավ խորհրդակցական սենյակ: Ժամը 17-ին դատավորը հրապարակեց որոշումը, ըստ որի` բացարկի միջնորդությունը հիմնավոր չհամարելով` մերժեց: Ի նշան բողոքի` Ծովինար Նազարյանը եւ նրա ներկայացուցիչները լքեցին դատարանի դահլիճը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս