«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» զինյալ խմբավորումը սադրանք են իրականացրել Ադրբեջանի և Թուրքիայի պետական խորհրդանիշների հանդեպ, հայտնում է АПА գործակալությունը:
Սոցցանցերում խմբավորման անունից կոչեր են հնչում Ադրբեջանի և Թուրքիայի տարածքում «իսլամական պետություններ» կառուցելու վերաբերյալ: Կայքերում տեղադրվում են Ադրբեջանի և Թուրքիայի քարտեզներն ու պետական դրոշները` սև ֆոնի վրա և Մոհամմեդ մարգարեի դրոշմի պատկերով:
Ինչպես այս կապակցությամբ հայտարարել է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայության ղեկավար Արիֆ Բաբաևը, բոլոր միջոցները ձեռնարկվում են Ադրբեջանի հանրապետության ազգային շահերին և անվտանգությանն նկատմամբ հնարավոր սպառնալիքները կանխելու նպատակով: Նրա խոսքով, «օպերատիվ իրավիճակը վերահսկվում է»:
Հիշեցնենք, որ ներկայում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման ծայրահեղականները գրավել են իրաքյան Մոսուլ և Տիգրիտ քաղաքները և մարտեր են վարում Բաղդադի կառավարական ուժերի հետ: Հայտարարվել է, որ գրավված տարածքներից փախստականների թիվը գերազանցել է կես միլիոն մարրդ: