ԻՐԵՆ ԼԱՎ Է ԶԳՈՒՄ` ՈՐՊԵՍ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armenoids նախագծի հիմնադիր ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ զրույցում տեղեկացանք, որ  նրանք թողարկել են իրենց երկրորդ ձայնասկավառակը: Այն «դաբլ CD» է, որում զետեղված են վերջին 4 տարվա ընթացքում նկարահանած տեսահոլովակներն ու կենդանի կատարումները: Շատերի կարծիքով` վերջին շրջանում  խումբը բավականին պասիվ է, սակայն Էդգարի պնդմամբ` նրանք կրկին նոր թափով են աշխատում եւ  շուտով կանեն նաեւ իրենց երկրորդ ձայնասկավառակի պաշտոնական շնորհանդեսը:
-Ինչի՞ հետ էր կապված խմբի երաժշտական դադարը, վիճե՞լ էիք, թե՞ մուսան էր փախել:
-Բնական էր, որ մի քիչ պետք է պասիվանայինք, ես սկսեցի նկարահանվել սերիալում… Բայց այս պահին մեզ մոտ ակտիվ շրջան է: «Armenoids»-ը վերականգնել է իր բոլոր հին անդամներին, հիմա բոլորս միասին ենք: Ժամանակավոր լռության պատճառն էլ արդեն ասացի, սերիալն ինձանից բավականին շատ ժամանակ է տանում:
-Նոր ձայնասկավառակն անվանել եք «Armenoids air line», ինչը թարգմանաբար նշանակում է «Արմենոիդս ավիաուղիներ», այդ ո՞ւր եք թռչում:
-Դե գիտեք, երաժիշտները մի քիչ տարօրինակ մարդիկ են, նրանք ունեն իրենց ներաշխարհը եւ ունկնդրին ցանկանում են իրենց հետ տանել չբացահայտված տիեզերք կամ այնտեղ, ուր իրենք են ցանկանում թռչել:
-Կար ժամանակահատված, երբ ձեր խմբի հետ երգում էր Ղարաբաղում հայտնի երգչուհի Մադլեն Ասիրյանը:
-Հիմա էլ է այդ ժամանակահատվածը: Մենք Մադլենայի հետ բավականին լուրջ ստեղծագործություն ձայնագրեցինք, նաեւ տեսահոլովակ նկարեցինք` «2015» խորագրով: Ստեղծագործությունները «Armen-oids»-ում բաժանվում են տարբեր կատարողների մեջ, վերջին ժամանակահատվածում էլ համագործակցեցինք Աննա Խաչատրյանի հետ:
-Ձեր խմբում հիմնականում 3 տղա է լինում, բայց պարբերաբար ինչ-որ աղջիկներ են հայտնվում ու անհետանում: Ինչպե՞ս հասկանանք, աղջիկները չե՞ն հարմարվում տղաների հետ:
-Եղել է մի աղջիկ, որն աշխատել է` Լենա Ասլանյան:
-Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, կար նաեւ Կարոլինա անունով մի աղջիկ:
-Սխալվում եք: Տենց աղջիկ է եղե՞լ մեզ մոտ: Դա շատ վաղուց էր, արդեն չեմ հիշում:
-Բայց ես լավ եմ հիշում: Չասացիք, ինչո՞ւ են աղջիկները մեկ հայտնվում, մեկ անհետանում:
-Ի սկզբանե «Armenoids»-ն ընկալվեց որպես տղաների խումբ, փորձեցինք էքսպերիմենտ կատարել, աղջիկ ներգրավվել խմբի մեջ: Նա իր ուրույն տեղն ունեցավ, բայց չարդարացրեց մեր սպասումները, մենք ավելի արհեստավարժ կատարողով փոխարինեցինք, հրավիրեցինք Ելենա Ասլանյանին, ում հետ նաեւ հիմա ենք համագործակցում:
-Իսկ սերիալում ինչո՞ւ համաձայնեցիք նկարահանվել:
-Նույն հարցը կարող եք տալ Քիանու Ռիվզին, որ ժամանակին երաժիշտ է եղել, կամ շատ այլ երաժիշտների, որոնք զուգահեռաբար նաեւ նկարահանվում են ֆիլմերում ու շարունակում զբաղվել իրենց երաժշտական գործունեությամբ:
-Ուզում եք ասել, մեկը մյուսին չի՞ խանգարում:
-Չի կարող լինել ծով առանց օվկիանոսի կամ լեռներ առանց բնության, չի կարող լինել ֆիլմ առանց դերասանների կամ երաժշտության:
-Ինքներդ դիտո՞ւմ եք «Եղբայրները» սերիալը, որտեղ նկարահանվում եք: Որպես հեռուստադիտող` Ձեր դո՞ւր է գալիս Ձեր խաղը:
-Բավականին պատասխանատու դեր է իմը, ես էնտեղ իրավաբան եմ: Քանի որ դերասան չեմ, նաեւ պարապում եմ, կատարելագործում խաղս, ամեն օր աշակերտի պես մի նոր բան եմ սովորում, պատասխանատվություն եմ կրում հանդիսատեսի ու հեռուստադիտողի առաջ: Կա նաեւ PR-ի խնդիր, քանի որ մի ոլորտից մյուսն ես անցում կատարում:
-Հիմա Ձեզ ո՞ր «ափսեի» մեջ եք լավ զգում` դերասանի՞, թե՞ երաժշտի:
-Որպես երջանիկ հայ եմ ինձ լավ զգում, քանի որ ինձ բախտ է վիճակվել նկարահանվել սերիալում, ունենալ հզոր նախագիծ` «Armenoids» անունով, եւ գեղեցիկ կին իմ կողքին, ում հետ շուտով պատրաստվում եմ ամուսնանալ:
-Լսել էի, որ պատրաստվում եք այդ լուրջ քայլին: Ձեր ընտրյալը կապ ունի՞ երաժշտարվեստի հետ:
-Այնքանով կապ ունի, որ ժամանակին պարել է ակումբներից մեկում, որ 15 տարի է` մոդելային գործակալությունում է աշխատում, որ Հայաստանում համարվում է պրոֆեսիոնալ գործող մոդելներից մեկը: Եւ վերջապես, նա գեղեցիկ կին է: Նադեժդան հիմա էլ է զբաղվում մոդելային գործունեությամբ:
-Քանի որ Ձեր սիրելին շարունակում է զբաղվել մոդելային գործունեությամբ, ենթադրում եմ, որ Դուք հայ ավանդական տղամարդկանց պես արգելքներ չեք դնում կնոջ առաջ:
-Իմ ապագա կինն ինձ համար առաջին հերթին անհատականություն է, կին, հետո սիրուհի եւ այն կեսը, ում հետ պատրաստվում եմ անցկացնել իմ կյանքի երջանիկ օրերը: Չեմ փորձում տարանջատել խրախճանքն ու տանը նստելու կարգավիճակը: Այդ ամենը համատեղում եմ ու շատ ուրախ եմ, որ չեմ մտածում, թե կողքիս էլ մի հատ սիրած ունենամ: Չեմ քննադատում ոչ մեկին, բայց Նադյան ինձ համար ունիվերսալ տարբերակ է: Ինձ կարող եք անվանել նորմալ հայ տղամարդ, պարզապես մենք ենք մեր ստերեոտիպերով մեզ տանում փակուղի:
-Ե՞րբ սպասենք հարսանիքին:
-Հավանաբար ապրիլին կամուսնանանք:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս