Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կարգապահական գործ է հարուցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նկատմամբ (AFA):
Դրա համար հիմք է հանդիսացել Արգենտինայի հավաքականի լուսանկարը, որում խաղացողների ձեռքին է Ֆոլկլենդյան վիճարկելի կղզիների հանդեպ երկրի հավակնություններին սատարող գովազդային պաստառը. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Կարգապահական գործի շրջանակներում ՖԻՖԱ-ն սպասում է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչներին` կատարվածի հետ կապված բացատրություններ տալու համար. հաղորդում է ֆուտբոլային կազմակերպությունը:
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները Սլովենիայի հավաքականի հետ խաղից առաջ, որն անցկացվեց Բուենոս Այրեսում (2:0), լուսանկարվել են՝ ձեռքներին պահելով գովազդային պաստառ, որի վրա գրված է «Las Malvinas son Argentinas»` Մալվինյան (Ֆոլկլենդյան) կղզիները պատկանում են Արգենտինային»: Ավելի վաղ Արգենտինան փորձել է այս հարցի հանդեպ հանրային ուշադրութունը գրավել Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ, սակայն զգուշացվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից` քաղաքականությունն ու սպորտը խառնելու անթույլատրելիության մասին: