Վտանգավոր արագություն վարչապետի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանը շատ վտանգավոր խաղ է սկսել գրեթե երաշխավորված տխուր վերջաբանով: Մի կողմից նա ոլորտներ է «հայտնաբերում» ու խոստանում դրանք այնպես բարեփոխել, որ երբևէ որևէ մեկին չի հաջողվել, մյուս կողմից իր մերձավոր հարազատներին աշխատանքի է տեղավորում՝ միանգամից ապացուցելով, որ վարչապետի պաշտոնում, թե այլուր, ինքն իր նախորդների գործի ու գործելաոճի անդավաճան հետևորդն է:

Կասկածից վեր է, որ նոր վարչապետի ձեռնարկները շուտով լրիվ են կորցնելու հետարքրությունը: Հեռու չգնանք. Տիգրան Սարգսյանն էլ քիչ երազանքներ չուներ Հովիկ Աբրահամյանի փայփայած ոլորտների վերաբերյալ: Եվ Ի՞նչ … դրանք նա իր հետ տարավ՝ թողնելով միայն ձախողումների հուշեր: Հ. Աբրահամյանը, սակայն, Տ. Սարգսյանի չարած գործը չի նկատում, չի ուզում նկատել: Ավելի  ճիշտ, վստահ է, որ ինքն իր նախկինից զորեղ է և իր խոսքը կարող է գործի վերածել:

Թեկուզև բարփոխումների ձեռնարկները թարմ են, այսուհանդերձ փոփոխությունների հույսն աննշան է: Ավելի հավանական է, որ դրանք այդպես էլ չիրականան: Հանգամանք, որը գիտակցում է նաև նոր վարչապետը: Խնդիրն այն է, սակայն,  որ վերջինիս դա չի հուզում, ու նա նորանոր ոլորտներ է ձգտում իր տեսադաշտում ընդգրկել: Հերթը հասել է նույնիսկ արագաչափերին:

Երբ դեռ շաբաթներ առաջ արագաչափերի խնդիրը խորհրդարանից գործադիր հասավ ու շատ արագ մերժվեց, մամուլը գրեց, որ միամտություն է պայքարել գրպանահատության այս տեսակի դեմ, քանի որ դրա զորեղ տերերը ոչ մի դեպքում չեն նահանջի:

Այս դեպքում չի բացառվում, որ իշխանությունը գործում է փոխհամաձայնեցված. մի կողմից ցույց տալով, որ արագաչափերի գործառույթը բառի ուղիղ իմաստով թալանում է մարդկանց, մյուս կողմից դրա դեմ պայքարելով ամենատարբեր խորհրդակցությունների միջոցով: Թե ինչ կտա նաև արագաչափերի դեմ Հովիկ Աբրահամյանի ընդվզումը, ավելի քան կանխատեսելի է: Պարզ է նաև, որ ամենուր և ամեն ինչին միջամտելու նրա տենդը շատ շուտով վտանգավոր ու հատկապես իր համար անցանկալի հետևանքներ է ունենալու:

Դավիթ Վանեսյան




Լրահոս