Կութի գյուղապետի ընտրություններն անվավեր են ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ընտրություններն անվավեր են ճանաչվել: Կութում գյուղապետի նոր ընտրությունները կկայանան հունիսի 29-ին: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց գործող գյուղապետ Մեժլում Իսրայելյանի կինը` Սիմա Չիտչյանը, ով ընտրությունների ժամանակ եղել է հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ հունիսի 8-ին տեղի ունեցած ընտրություններում թեկնածուներ Մեժլում Իսրայելյանը և Անդրանիկ Հախումյանը հավասար թվով` 61 քվե էին ստացել, 1 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր: Սակայն տեղեկություններ տարածվեցին, որ պատճառը նաև ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումներն էին:

Տիկին Չիտչյանը մեզ հետ զրույցում կտրականապես հերքեց ընտրախախտումների մասին լուրերը: «Սուտ է, եթե խախտումներ լինեին, ընտրության ժամանակ բողոք կլիներ: Ոչ մի խախտում չի եղել: Հենց որ բացեցինք արկղերը` տեսան 61, 61ա սկսեցին հանձնաժողովի անդամների վրա մեղադրանքներ անել», – նշեց նա:

Ընտրախախտումների մասին տեղեկություններից մեկն այն էր, որ հենց հանձնաժողովի նախագահը քվեարկել է իր քրոջ փոխարեն: Անդրադառնալով այս լուրին` տիկին Չիտչյանը նշեց.

«Իմ հաշմանդամ քրոջ ընտրության ժամանակ միայն ձեռքից բռնել, օգնել եմ, որ ստորագրի: Բայց ընտրողը եղել է ընդհանրապես ուրիշ կին: Ընտրությունը ես չեմ կատարել», – հայտարարեց նա:

Հանձնաժողովի նախագահի խոսքով` նշված աղմուկի պատճառը միայն այն է, որ հավասար ձայներ են եղել, իսկ մյուս կողմն էլ դրանից «խառնվել» էին իրար ու խախտումների մասին սխալ տեղեկություններ տվել:




Լրահոս